Երեկ Կենտրոնական բանկում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ պետք լինեն էական փոփոխություններ և նոր աչքով պետք է նայվի տարբեր ոլորտներին: Թե հատկապես ինչ ոլորտների մասին է խոսքը` Սերժ Սարգսյանը, բնականաբար, չի հիշատակել:
Ընդհանրապես անհասկանալի է, թե ինչ է նշանակում էական փոփոխություններ: Էական` ուղղությունների՞ իմաստով, թե՞ քանակական: Այսինքն` կարող են լինել, ասենք, 5-6 փոփոխություններ, որոնք էական կլինեն քանակի մասով, մինչդեռ կարող է լինել մեկ-երկու փոփոխություն, բայց էլի էական՝ այս անգամ ուղղակի բովանդակության մասով: Ըստ որում` ոչ միայն կառավարության բովանդակության, այլ ընդհանրապես պետական քաղաքականության:
Մասնավորապես, երբ փոխվում են արտաքին գործերի կամ պաշտպանության նախարարները, դա նշանակում է ոչ միայն փոփոխություն կառավարության կազմում, այլ ըստ էության` էական նորություններ պետական քաղաքականության մեջ, նկատի ունենալով այդ ոլորտների ռազմավարական նշանակությունը: Էական կարող են համարվել նաև տնտեսական բլոկի նախարարությունները, սակայն այս բլոկում Սերժ Սարգսյանը իր նախագահության ընթացքում հաճախ է փոփոխություններ կատարել, և այստեղ որոշակի արժեզրկումն ակնհայտ է, և այսօր երևի թե քչերը կարող են էական ընկալել էկոնոմիկայի կամ ֆինանսների նախարարների փոփոխությունները: Դրանք Սերժ Սարգսյանի նախարարության ընթացքում երկու անգամ փոփոխության են ենթարկվել, և ոչ մի շոշափելի դրական արդյունք:
Եվ ահա, այս տեսանկյունից «էական փոփոխություններ» արտահայտությունը շատ հարաբերական է, և ամեն ինչ կախված է կոնկրետ ոլորտներից: Իհարկե, Հայաստանի կառավարությունում դժվար է մատնացույց անել մի ոլորտ, որտեղ կարելի էր նախարարի աշխատանքը գնահատել արդյունավետ: Այնպես որ, այդ տեսանկյունից փոփոխության է ենթակա ողջ կառավարությունը: Սակայն քիչ է հավանականությունը, որ կլինի նման ամբողջական փոփոխություն:
Խնդիրն ընդհանրապես այն է, որ Սերժ Սարգսյանը մինչև իր նախագահության երկրորդ ժամկետի ավարտը,- եթե, իհարկե, այդ ժամկետը նա անցնի ամբողջությամբ,- հազիվ թե բավարարվի կառավարության այս փոփոխությամբ: Այսինքն` երբ մենք օբյեկտիվորեն նայենք իրավիճակին, ապա ակնհայտ է, որ եթե կառավարությունը լուսնից էլ գա, Հայաստանում որևէ էական փոփոխություններ չեն լինելու, և իրավիճակը չափազանց ծանր է կտրուկ փոփոխվելու համար, առավել ևս, որ այդ իրավիճակը փոփոխողները, ըստ էության, մնում են նույնը:
Եվ այս տեսանկյունից ոչ մի կասկած չկա, որ նախագահական կամ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Սերժ Սարգսյանին կրկին անհրաժեշտ են լինելու, այսպես ասած, քավության նոխազներ կառավարությունում: Ահա այդ տեսանկյունից, ըստ էության, մենք գործ ենք ունենալու ոչ այնքան նոր կառավարության, ինչքան պոտենցիալ նոր քավության նոխազների հետ, կամ` ինչքան նոր կառավարության, այնքան էլ պոտենցիալ քավության նոխազների հետ:









































