Ռուս պաշտոնյա Ալեքսեյ Լիսովենկոն կոչ է արել Ռուսաստանում արգելել բոլոր սոցցանցերը, որոնց սերվերները գտնվում են Ռուսաստանի տարածքից դուրս: Այս մասին հայտնում է «Էխո Մոսկվին»:
«Ցավոք սրտի, մենք ի զորու չենք լինի պաշտպանել մեր հայրենակիցների անձնական տվյալներն ու տեղեկությունները, քանի դեռ ռեսուրսների սերվերները չեն գտնվի Ռուսաստանի տարածքում»,- նշել է պաշտոնյան:
Լիսովենկոն կարծում է, որ սոցցանցերում տվյալների լրտեսում է իրականացնում ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալությունը, իսկ ռուսները նույնիսկ չեն կարող այդ առնչությամբ դատական հայց ներկայացնել:
Պաշտոնյան օրինակ է բերում Չինաստանը. «Իրավիճակից ելքի հիանալի օրինակ է ցուցաբերում Չինաստանը, որտեղ հայտնի միջազգային սոցցանցերն արգելափակված են, գործում են միայն այդ ռեսուրսների սեփական անալոգները»,- ասել է նա:
Նա առաջարկում է արգելափակել ռեսուրսներն այնքան ժամանակ, քանի դեռ դրանց տվյալների կենտրոնները չեն տեղափոխվել Ռուսաստան: Նա նշել է նաև, որ Սիբիրն իդեալական վայր կլինի սերվերների տեղակայման համար:











































