Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Մայդանը կազմակերպել են ամերիկացիները, և հրաժարվում է հավատալ, որ մարդիկ կարող են ինքնակազմակերպվել: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին՝ Gordonua-ի հետ հարցազրույցում:
«Պուտինը վտանգավոր է, նա մոլորվում է ինքնաբուխ իրավիճակներում և չի հասկանում շատ բաներ. օրինակ՝ ինչպես են աշխատում զանգվածները, ինչպես է գործում մարդկային գործոնը: Նա իսկապես խորապես հավատում է, որ Մայդանը ԿՀՎ-ի ծրագիրն է»,- ասել է վրացի քաղաքական գործիչը:
Սաակաշվիլին հստակեցրել է, որ դա վերաբերում է և´ «նարնջագույն հեղափոխությանը», և´ Եվրամայդանին, և´ Վրաստանում «վարդերի հեղափոխությանը»:
«Նա կարծում է, որ այդ ամենի հետևում ԿՀՎ-ն է, ոչ մի ժողովրդական զանգված չկա: Նա բացարձակապես չի կարող հասկանալ, որ մարդիկ կարող են ինքները ցանկանալ ապրել նորմալ հասարակությունում»,- նշել է նախկին նախագահը:
Սաակաշվիլիի կարծիքով՝ Պուտինը փորձում է ապակայունացնել իրավիճակն Ուկրաինայի արևելյան և հարավային մարզերում՝ գնելով սադրիչների:










































