Շատերն են հավանաբար հիշում, թե ինչպիսի ոգևորությամբ էր ընդունվում անցյալ տարի, թավշյա հեղափոխությունից հետո, Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ պետ Արթուր Վանեցյանի գործունեությունը։ Նախկին կոռումպացված բարձրաստիճան պաշտոնյաների պարտակած հանցագործությունները բացահայտելը, նրանց հրապարակավ բռնելն ու մեղադրանքներ առաջադրելը թվում էին ֆանտաստիկայի ժանրից, և սոցիալական ցանցերի հեղափոխական օգտատերերը նույնիսկ նրան հերոս էին հռչակել։ Վանեցյանը սիրելի էր դարձել նաև կառավարության ամեն նիստից հետո լրագրողներին հաշվետու հարցազրույցներ տալով, նրանց հարցերը ոչ թե «ջրել-շրջանցելով», այլ հստակ պատասխաններ տալով։ Որոշ ժամանակ անց, սակայն, մամուլում արդեն ԱԱԾ-ին և նրա երիտասարդ ղեկավարին հարցեր էին ուղղում, թե ինչքան է շարունակվելու «բռնել-բաց թողնելու» օպերացիան, որտե՞ղ են հետախուզման մեջ գտնվող որոշ նախկին պաշտոնյաներ, արդյոք նրանց թալանած գումարներն ամբողջությամբ վերադարձվե՞լ են պետբյուջե, թե՞ ոչ։
Քանի որ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հրաժարականից հետո հայտնվել է իշխանությանը հակառակ ճամբարում և, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ իր հրաժարականի վերաբերյալ հայտարարություններին, ինքն էլ իր հերթին է մեկնաբանություններ տալիս, արժե հետահայաց հիշել, թե ինչ քրեական գործեր հարուցեց ԱԱԾ-ն Արթուր Վանեցյանի օրոք, ինչ բացահայտումներ արեց, ինչը թողեց կիսատ-պռատ ու թերի, որ գործերի վերաբերյալ են առ այսօր չպարզաբանված հարցեր մնացել հանրության շրջանում։ Անդրադառնանք առավել հնչեղ գործերին։
Անցյալ տարի, հունիսի 13-ին, ամառվա տապին, ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները «Երևան» հիմնադրամում կատարած խուզարկության ընթացքում պարզեցին, որ ՀՀ քաղաքացիներին պարտադրել են այդ հիմնադրամին փոխանցել խոշոր չափերով գումարներ։
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ վերոնշյալ պատրվակով առձեռն ստացված գումարների մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է։ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվեց քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի («Պաշտոնեական դիրքն օգտագործելով կատարված խարդախություն) հատկանիշներով։ ԱԱԾ-ն «Երևան» հիմնադրամում անցկացրած խուզարկությունների արդյունքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնական դիրքն օգտագործելով, խարդախություն կատարելու հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցել և մեղադրանք առաջադրել հիմնադրամի տնօրեն Աշոտ Ղազարյանին և Դավիթաշենի թաղապետի տեղակալ Խաչատուր Կարապետյանին։ ԱԱԾ-ն հաղորդում էր ստացել, որ կառուցապատման և գույքի ձևակերպման թույլտվությունների համար, բացի օրենքով սահմանված վճարումներից, քաղաքացիներին պարտադրել են «Երևան» հիմնադրամին փոխանցել խոշոր գումարներ, որոնց մի մասը հիմնադրամի հաշվեհամար չի մուտքագրվել և հափշտակվել է։ Իսկ ահա ամիսներ անց, հոկտեմբերի 16-ին, Վանեցյանը լրագրողների հետ զրույցում հայտարարում է, որ «Երևան» հիմնադրամի տնօրենը պարտավորություններ է ստանձնել վերականգնել 1 մլրդ 810 մլն դրամ գումարը։ Նա նաև նշել էր, որ 1 մլրդ դրամը վճարված է, առաջիկա օրերին կվճարվի մնացած մասը։ Վանեցյանը լրագրողներին տեղեկացրել էր, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի նկատմամբ կա հարուցված ևս մեկ քրեական գործ՝ հրապարակված հայտնի տեսանյութի հիմքով, որը վերաբերում էր իր ունեցվածքին։
«Ունեցվածքի մասով քննությունը շարունակվում է, եթե կհիմնավորվի, որ այն ձեռք է բերվել ապօրինի ճանապարհով, հավատացեք, որ ընթացք կտրվի»,- ասել էր նա։ Միաժամանակ, ԱԱԾ նախկին պետը նշել էր, որ գումարները վճարելուց հետո Տարոն Մարգարյանը կազատվի պատասխանատվությունից։
Իսկ ահա 2018թ․ հուլիսի 2-ին ՀՀ ԱԱԾ-ում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա՝ յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու կասկածանքով բերման էր ենթարկվել և ձերբակալվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը:
Փաստական հանգամանքների ճնշման ներքո Վարդանյանը խոստովանել էր, որ տնօրինելով հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտը, դրա միջոցներն օգտագործել է անձնական նպատակներով, այդ թվում՝ դրանք ուղղելով տարբեր առցանց խաղատներում խաղադրույքներ կատարելուն:
Ըստ իր խոսքերի՝ վարկային քարտից վատնած միջոցները Վարդանյանը հետ է վերադարձրել հիմնադրամին հանգանակված գումարների հաշվին: Այնուհետև անձնական միջոցները կանխիկ մուտքագրել է հիմնադրամի հաշվապահություն՝ դրանով իսկ թաքցնելով հիմնադրամի գումարների վատնման հանգամանքը:
Միայն ձերբակալումից առաջ՝ վերջին շաբաթվա ընթացքում, Վարդանյանը հիմնադրամի բանկային քարտից մոտ 14 միլիոն ՀՀ դրամ է փոխանցել օնլայն խաղատներին, իսկ 2016–ից 2018 թվականներն ընկած ժամանակահատվածում այդ գումարը կազմել է շուրջ 130 000 000 մլն ՀՀ դրամ:
ԱԱԾ հաղորդագրությունից հետո՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել և ներողություն խնդրել բոլոր նվիրատուներից:
Իսկ ահա անցյալ տարի, սեպտեմբերի 25-ին, ԱԱԾ-ն Արա Վարդանյանին մեղադրանք առաջադրեց ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1․1 կետով («Խարդախություն»)։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը։
Արա Վարդանյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը, մեր հարցին ի պատասխան, թե ինչ ընթացք ունեցավ իր պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական գործը, արձագանքեց, որ նա մեղադրյալ է, գործով քննությունը շարունակվում է։ Նա չգիտեր, թե որտեղ է գտնվում Արա Վարդանյանը։
Այս տարվա փետրվարի 19-ին ԱԱԾ-ն գործով ձեռք բերված փոխկապակցված, հավաստի բավարար ապացույցների համակցությամբ, Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելը կազմակերպելու և առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար, իսկ նրա հիմնադրած ՍՊ ընկերության տնօրեն Ալեքսան Որսկանյանին՝ 205-րդ հոդվածի 2-րդ մասով, որն իրեն առաջադրած մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։ Սեդրակ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների բազմաթիվ անշարժ գույքերի և այլ ակտիվների ձեռք բերման օրինականությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են լայնածավալ քննչական գործողություններ, քրեական գործով, նախաքննությունը, ըստ ԱԱԾ-ի, շարունակվում է։
2018թ․ հուլիսի 4-ին հանրության ուշադրությունը սևեռվել էր, թե ինչպես է ԱԱԾ-ն շուրջ 9 ժամ խուզարկում Երևանի Թումանյան 11 հասցեում գտնվող Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի բնակարանը, ինչից հետո նրան բերման ենթարկեցին ԱԱԾ, ապա ազատ արձակեցին։ Այնուհետև ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ Ալեքսանդր Սարգսյանը հարցաքննվել է որդու՝ Նարեկի կողմից Մարտիրոս Սարյանի 14 գծանկարների հափշտակության մասին մեղադրանքների առնչությամբ։ Այս տարվա օգոստոսի կեսերին ԱԱԾ-ում հարուցված գործի շրջանակներում քննություն է կատարվում Քրեական օրենսգրքի այլ հոդվածներով՝ առանձնապես խոշոր չափերի հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու, զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր միջոցներով և շահադիտական նկատառումներով մարդու առևանգումներ կատարելու դրվագներով։ Այդ երկու հոդվածներով, սակայն, Սարգսյանին մեղադրանք չի առաջադրվել։ Իսկ ըստ ԱԱԾ-ի՝ Ալեքսանդր Սարգսյանը պետբյուջե է փոխանցել 3․165․448․706 դրամ, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության համար սպառազինություն ձեռք բերելու նպատակով իր նախաձեռնությամբ նվիրաբերել է 19․600․000 ԱՄՆ դոլար։
Ինչ վերաբերում է նրա որդուն՝ Նարեկ Սարգսյանին, ապա անցյալ տարի, դեկտեմբերի 6-ին, Պրահայում հայտնաբերվել է Հայաստանի իրավապահների կողմից հետախուզվող Նարեկը, որը ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր՝ Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով։
Այս տարվա ապրիլի 18-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրանք առաջադրվեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց քաղաքից չհեռանալու մասին ստորագրությունը։ Ըստ ԱԱԾ-ի՝ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ, քննիչի կողմից որոշում կայացվեց ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին։ Դավիթ Սանասարյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ընթացք ունի իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը։ Նա մեզ տեղեկացրեց, որ մի քանի օրից կստանա Գլխավոր դատախազության պատասխանը, ինչից հետո էլ կխոսի այդ մասին։
Հայտնի է, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից, որոնց մեղադրանքներ էին առաջադրել ՀՀ Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, հասցրին այդ ընթացքում մեկնել երկրից, իսկ նրանց նկատմամբ հայտարարվեց հետախուզում։
Այս տարվա փետրվարի 21-ին, կառավարության նիստից հետո, Արթուր Վանեցյանը հայտարարել էր, թե գիտի՝ որտեղ են թաքնվել ՀՀ-ից մեկնած նախկին պաշտոնյաները։ ԱԱԾ տվյալներով՝ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը սահմանն օրինական ճանապարհով չի հատել։ Իսկ Սերժ Սարգսյանի խնամի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ նախկին տնօրեն Արա Մինասյանն ու Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը օրինական ճանապարհով են հեռացել ՀՀ-ից։
«Այդ ժամանակ իրենց նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառված չի եղել։ Այդ իսկ պատճառով ես, որպես ԱԱԾ ղեկավար, որևէ լիազորություն չունեի մարդու ազատ տեղաշարժի իրավունքը խոչընդոտելու»,- ասել էր Վանեցյանը։ Նա նաև հայտնել էր, որ ԱԱԾ-ում գիտեն, թե որտեղ է գտնվում Լևոն Սարգսյանը, բայց նրան Հայաստան վերադարձնելն այնքան էլ հեշտ չէ։










































