«Ցուրտը եկավ, մեզ էլ հետը տարավ: Հարյուր հազար տոկոսով վնաս է հասել այգուս, սարսափելի վիճակ է, անգամ հույս չունենք, որ մատղաշ դրած տնկիները կարող ենք վերականգնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, ցույց տալով վնասված այգին, ասաց Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 43-ամյա Հակոբ Հակոբյանը՝ հավելելով՝ մենք դեռ հողի, ջրի հարկ պետք է տանք, մենք պետք է մեր կենցաղը կազմակերպեինք, բայց դա էլ չկա:
Հիմա գյուղացիները գյուղնախարարությունից աջակցություն են սպասում հողահարկից կամ ջրի հարկից ազատելու եղանակով:
Քասախցիները մեզ հետ զրույցում նշեցին, որ շատերը կդիմեն արտագաղթի, քանի որ ընտանիքի հոգսերը հոգալու այլ եղանակ չունեն:
«Հենց հիմա սպասում եմ զանգին, եթե զանգեն ասեն արի, հենց հիմա էլ կգնամ, իմ հույսը սա էր, եթե չկա, էլ ի՞նչ: Ես ուսանող ունեմ, որի վարձը պետք է տամ, ունեմ երեխա, որ պատրաստվում է բարձրագույնի, իմ հույսը սա էր, ու…»,-ասաց Հակոբը՝ հավելելով, որ իր նման շատերն են գյուղում փաստի առաջ կանգնել:
Իսկ ծխահարության մասին նախարարության կոչերը անիմաստ է համարում, քանի որ նրա խոսքով, երբ բուքը տանում էր, խեղդում էր, դրա դեմ ի՞նչ ծխահարում. «Մի ժամում երեսուն սմ ձյուն դրեց, ես ինչ ծխահարման մասին է խոսքը: Մարդիկ անգամ ջերմոցի մեջ ծխահարել են, բայց լացում են, քանի որ անգամ այդքանից հետո ցուրտը տարել է, էս ինչ սուտ թոզ են փչում: Ես 3 տարեկան ծառը տասը տարեկան ծառի եմ հասցրել: Հիսուն ծառ ունեմ՝ կեռաս, նուշ խնձոր, բոլորը ցրտահարվել են. տնկին սևացել է, ծառը մեռել: Դրա վերականգնելը նույն է, թե անատոմիկից մարդուն փորձես կենդանացնել»:
Քասախցի Նորիկ Մելքոնյանը նույնպես զբաղվում է հողագործությամբ:
«Ինչպես միշտ գյուղացին զբաղվում է հողով, բայց արի ու տես, կարկուտը ծեծած տեղն է ծեծում, 100 տոկոսով կարող եմ ասել, որ բերք գոյություն չունի: Կառավարությունը պետք է մտածի այդ մասին, այլապես տղամարդիկ միանշանակ կլքեն Հայաստանը, եթե ես այսօր 100 ծիրանի և խնձորի ծառ ունեմ և չունեմ դրանից օգուտ, բնական է, որ պետք է դիմեմ արտագնա աշխատանքի»,- հավելեց Նորիկը:
Նա նշեց, որ վնասված ծիրանների վերականգման համար փոխահատուցում են ուզում. «Այս տարի ծիրան բացարձակ չենք ունենալու»:
Քասախցիներից մեկն էլ նկատեց, որ թեև գյուղնախարարությունը ասում էր, որ 31-ին պետք է ցրտահարության դեմն առնել, բայց եղավ 29-ի գիշերը։
«Այս տարի ծիրանը նուշից առաջ ընկավ, փորձեցինք ցրտահարությունը կանխարգելել, չփրկեց, ցրտահարվածները ընդհանրապես բերք չեն տա: Նոր տնկին պետք է հզոր լիներ, որ դիմադրողականություն ունենա»,- ասաց նա՝ ցրտահարված ծիրանենու վրայից պոկելով ցրտահարված ծաղիկները:






































