Ուկրաինայում ճգնաժամի ֆոնին ՆԱՏՕ-ն մտադիր է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի հետ և նպաստել Արևելյան Եվրոպայում կայունությանը: «Շպիգել օնլայն» գերմանական պարբերականն իր աղբյուրներին հղում անելով հայտնել էր այս մասին, հավելելով, որ յուրաքանչյուր երկրի համար ՆԱՏՕ-ն հատուկ ծրագիր է մշակել. Հայաստանում Հյուսիսատլանտյան դաշինքը առաջնահերթություն է համարելու զինված ուժերի կազմի որակավորման բարձրացումը, Ադրբեջանում` համագործակցելու են էներգետիկ և կիբերանվտանգության ոլորտներում:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Անկարայում լույս տեսնող ադրբեջանական Зеркало շաբաթաթերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը սա համարեց Ղրիմի անեքսիայից հետո կարևոր հանգրվան: Նրա որակմամբ, Ղրիմում տեղի ունեցավ ծանրագույն աշխարհաքաղաքական հետևանքներով մի գործընթաց, որը ոչնչացրեց աշխարհում գոյություն ունեցող անվտանգության համակարգը, այդ անվտանգության համակարգը ոչնչացավ այնտեղ, որտեղ ամենաքիչն էր սպասելի: «Շատերը կարծում էին, որ Հարավսլավիական ճգնաժամը վերջինն է լինելու Եվրոպայում: Բայց ՌԴ-ն խախտեց այդ պատկերացումը»,- ասաց նա:
Ներկայումս, նրա խոսքով, սպասելի էր, որ ՆԱՏՕ-ն կսկսեր որդեգրել նոր մոտեցումներ տարածաշրջանի համար, քանի որ այն պայթյունավտանգ է և սա այլևս հասկացված է Արևմուտքի կողմից։ Արևմուտքը հասկացել է, որ տարածաշրջանն ունի անվտանգության լուրջ պակաս, որի բացն էլ ՆԱՏՕ-ն փորձում է լրացնել: Նա նշեց, որ Լոնդոնում, Փարիզում, Բեռլինում վերանայել են տեղի ունեցողը և գնահատել բոլոր սպառնալիքները, հասկացել նաև տարածաշրջանի կարևորությունը: « Հիմա մտածում են՝ ինչպես չեզոքացնել ՌԴ-ի ագրեսիվ մտադրությունները, իսկ դրանք առկա են, քանի որ Պուտինը ցանկանում է պահպանել իր իշխանությունը, իսկ դրա համար պետք է շարունակի իր քայլերը: Եթե հիշում եք, մինչ այս իրադարձությունները Պուտինի վարկանիշն ավելի պակաս էր, քան հիմա, այսինքն՝ այս ամենը անխուսափելի է, թեև Պուտինը շատ լավ է հասկանում, որ Արևմուտքի թեկուզ փափուկ պատասխանը մեծ վնաս կհասցնի Ռուսաստանին»,- մեկնաբանեց Ռաուֆ Միրկադիրովը:
Փորձագետը չի կարծում, թե ուկրաինական իրադարձություններից հետո, այնուամենայնիվ, Արևմուտքը կկենտրոնանա հակամարտությունների վրա, կփորձի այս փուլում պարզապես ապահովել տարածաշրջանի անվտանգությունը և տարածաշրջանում իրենց համար ռազմավարական նշանակություն ունեցող նավթամուղները:
Jane’s Intelligence պաշտպանության և անվտանգության հարցերով հեղինակավոր վերլուծական կենտրոնի ԱՊՀ-ի և Ռուսաստանի հարցերով առաջատար վերլուծաբան Լիլիթ Գևորգյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ Արևմուտքի այս գիտակցումը, թեև ճիշտ, բայց բավականին ուշացած կարելի է համարել, ավելին, թեև դեռ որևէ հստակ ռազմավարության մասին խոսք անգամ լինել չի կարող, քանի որ Spiegel-ի լեհական մասնաճյուղը հղում է անում դեռևս չհրապարակված, իրենց տրամադրության տակ հայտնված գաղտնի փաստաթղթերին: Իսկ դա, նրա խոսքով, նշանակում է, որ հարցը նույնիսկ հրապարակավ չի քննարկվել:
Ըստ նրա՝ ակնհայտ է, որ ՌԴ-ն հետսովետական տարածաշրջանում առկա հակամարտություններն օգտագործում է հիանալի կերպով, որպես լծակ, բայց միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ի կողմից այս խնդիրը գիտակցել դեռ չի նշանակում, որ ՆԱՏՕ-ն ունի հստակ ռազմավարություն կամ ծրագիր այդ հարցերով զբաղվելու և առավել ևս գոյություն ունեցող հակամարտությունները հաջող կերպով լուծելու համար:
«Բայց քանի որ մոտ 2 տասնամյակ է, ինչ հստակ չէ, թե Արևմուտքն ու ԵՄ-ն, այդ թվում իրենց ապանցյալ ռազմական կառույցը՝ ՆԱՏՕ-ն, չունեն հստակ ռազմավարություն և քաղաքականություն նախկին խորհրդային երկրների նկատմամբ: ԽՍՀՄ փլուզումից հետո այդ քաղաքականությունն այդպես էլ չձևավորվեց, սահմանափակվեցին ժողովրդավարական սկզբունքները Խրուշչովի հայտարարությունների մակարդակով: Պատճառներից մեկն էլ այն է, որ Արևմուտքն այստեղ է պաշտպանում, բայց ավելի հստակ չի ձևակերպել իր քաղաքականությունն այն պատճառով, որ նույն Արևմուտքը գիտակցում է, որ տարածաշրջանը մնում է ռուսական ազդեցության գոտում: Ուստի, իմ կարծիքով, ամենադժվարը ոչ թե գիտակցելն է և ընդունելը, որ Ռուսաստանը, ի թիվս այլ լծակների, նաև հակամարտությունների միջոցով է կառավարում տարածաշրջանը, այլ այն, թե իրենք ինչպես այս հակամարտությունները կարող են լուծել»,- մեկնաբանեց Լիլիթ Գևորգյանը:
Հարցին՝ եթե ՆԱՏՕ-ն առաջարկի միևնույն ծրագիրը կամ հարթակը և Ադրբեջանին, և Հայաստանին՝ հանդիսանալով անվտանգության երաշխավոր կողմերի համար, չի նշանակում արդյոք, որ հակամարտությունը մասամբ կարգավորվում է, Լիլիթ Գևորգյանը պատասխանեց, որ չի պատկերացնում, թե ինչպես կարող է ՆԱՏՕ-ն տարածաշրջանում անվտանգության հարց լուծել: Ի դեպ, փորձագետի խոսքով, եթե խոսում ենք ԼՂ-ի մասին, ապա խաղաղարարներ պետք է տեղակայվեն տարածաշրջանում, պետք է լինեն ձևաչափեր հակամարտությունների հողի վրա, այսինքն ՝ անպայման խաղաղարարներ, որոնք անվտանգության երաշխիքներ կտան ԼՂ-ին, ՀՀ-ին: Իսկ նա չի կարծում, թե ՆԱՏՕ-ն կարող է նման պատասխանատվություն վերցնել իր վրա:
«ՆԱՏՕ-ն այն ֆորմատը չէ, որ կարողանա այս հակամարտությունները լուծել: Այս հակամարտություններում նույնիսկ արդեն ԵԱՀԿ-ն սահմանափակ հնարավորություններ ունի: Առանց ՌԴ համաձայնության և մասնակցության՝ այս խնդիրները չեմ կարծում, թե կարող են լուծվել: Եթե ՌԴ-ն կարողացավ ստիպել Արևմուտքին լրջորեն հաշվի նստել ՌԴ-ի հետ սիրիական հակամարտությունում, դառնալով հիմնական միջազգային միջնորդներից մեկը, ապա չեմ կարծում, թե առավել ևս նախկին խորհդրային տարածքում ՌԴ-ն երբևէ համաձայնի այն մտքին, որ ՆԱՏՕ-ի նման ռազմական ալիանսը, որն անգամ չի ներգրավում նախկին ԽՍՀՄ երկրները, ներգրավվի այս տարածաշրջանի հակամարտություններում: Ավելին, մյուս կողմից, ՌԴ շահերից չի բխում լուծված հակամարտություններ ունենալ, որովհետև դրանք լծակներ են ներգրավված երկրների վրա: Բացի դրանից հիմա, թեև հստակ որևէ նախաձեռնություն դեռ չկա, բայց ամենավատ պահն է նման նախաձեռնությունների համար, հաշվի առնելով այն, որ ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունները չափազանց լարված են: Իսկ ՆԱՏՕ-ի նոր ծրագրերը կդառնան լարվածության շարժառիթներ ՌԴ-ի և Արևմուտքի միջև, այս պահին երկուսի կողմից համագործակցելու մեծ ախորժակ չեմ տեսնում, իսկ այս հարցերը ՌԴ-ի և Արևմուտքի համագործակցությամբ կարող են լուծվել»,- ասաց Լիլիթ Գևորգյանը:









































