Սահմանադրական դատարանի որոշումը շարունակում է փոթորկել Հայաստանի հանրությանը: Մարդիկ արդեն ձգտում են Գագիկ Հարությունյանի և նրա կամպանիայի որոշումը հասկանալ արդեն ոչ միայն և միգուցե նույնիսկ ոչ այնքան կուտակայինի վերաբերյալ կողմնորոշվելու և այսպիսով զուտ անձնական գրպանի մասին մտահոգությամբ, այլ պարզապես մարզական հետաքրքրությունից ելնելով, ինչպես, ասենք, ռուբիկ-կուբիկն են փորձում հավաքել:
Այսինքն՝ Հայաստանի հասարակությունն ըստ էության զբաղված է այսօր յուրօրինակ գագիկ-կուբիկ հավաքելով: Առայժմ, սակայն, դա ոչ մեկի մոտ չի ստացվում, այսինքն՝ ոչ մի ձևով բոլոր գույները մեկ ուղղությամբ կամ մեկ կողմում չեն դասավորվում: Սա իսկապես շատ բարդ կառուցվածք է, թեև միգուցե իրականում բարդ է առաջին հայացքից, իսկ ընդհանրապես շատ պարզ կառուցվածքի հետ գործ ունի Հայաստանի հասարակությունը, որը եթե մեկ բառով բնորոշենք, ապա կարող ենք ասել՝ իշխանական ամենաթողություն:
Հայաստանում ՍԴ որոշումն ու այս կապակցությամբ իշխանական մեկնաբանություններն ըստ էության իշխանական ամենաթողության, սահմանազանցության կամ ավելի պարզ ասած՝ «բեսպրեդելի» արտահայտություն են: Այնուամենայնիվ, կան դետալներ, որոնք երևի թե հետաքրքիր կլինի հասկանալ:
Օրինակ՝ կարծես թե ոչինչ չի խոսվում այն մասին, թե ինչու հատկապես ժամկետ ընտրվեց սեպտեմբերի 30-ը: Այսինքն՝ ինչու ՍԴ-ն հենց վեց ամիս ժամանակ տվեց, ոչ թե ասենք՝ երկու, երեք, չորս կամ ութ: Առաջնորդվել են «շնից մազ պոկելն էլ քյար է» ժողովրդական հայկական խոսքով և փորձում են գոնե մինչև սեպտեմբե՞ր հավաքել, թե՞ պարզապես ընտրվել է այդպես կիսամյակ-կիսամյակ հասարակությանը խաբելու և այդպես ռեֆորմը առաջ տանելու, այլ կերպ ասած՝ հասարակությանը վարժեցնելու տարբերակը, մինչև որ մարդիկ համակերպվեն և այլևս պայքար ու դիմադրություն չլինի:
Այս հարցին իսկապես դժվար է պատասխանել, դժվար է մտնել իշխանությունների տրամաբանության մեջ՝ այն պարզ պատճառով, որ դժվար է մտնել մի տեղ, որը գոյություն չունի: Ի՞նչ են պլանավորել իշխանությունները սեպտեմբերին: Սա այսօր երևի թե գլխավոր հարցերից մեկն է դառնում, որովհետև դժվար է պատկերացնել, որ իշխանությունները մինչև սեպտեմբերի 30-ը հավաքելու են գումարները, իսկ հոկտեմբերի 1-ից ոչ միայն դադարեցնելու են, այլև վերահաշվարկելու ու վերադարձնելու են՝ ինչպես ՍԴ-ն է մեկնաբանում կամ որոշում:
Հոկտեմբերի 1-ին Հայաստանը Շվեյցարիա չի դառնալու իր տնտեսական կարողություններով, որպեսզի հնարավոր լինի այդպիսի սցենար պատկերացնել: Հասարակության գերխնդիրն, իհարկե, այն է, որ ոչ թե կանխագուշակի իշխանության ծրագրերը, այլ իշխանություններին պարտադրի սեփականը: Սակայն ակնհայտ է, որ առ այսօր դա չի ստացվում, և հարց է, թե ինչ կստացվի առաջիկա վեց ամիսներին:
Այդ տեսանկյունից նույնիսկ հարցական է հասարակության մոտ ծրագրի առկայությունը: Այն, որ ծրագրեր առկա են, որևէ կասկած չկա, բայց ծրագրերն ու ծրագիրը բոլորովին նույն բանը չեն: Ոչ իշխանական քառյակը իր ծրագիրն ունի, քառյակի անդամներից յուրաքանչյուրը իր ծրագրերն ունի, քաղաքացիական տարբեր նախաձեռնություններն ու ֆորմատները իրենց ծրագրերն ունեն, և այս շարքում էլ իշխանությունները ունեն իրենց ծրագրերը: Եվ քանի որ բազում են ծրագրերը, և ամեն մեկն առաջնորդվում է հենց իր ծրագրով և հենց իր ծրագրի շուրջ է պահանջում կոնսոլիդացիա, իշխանությունների ծրագրերը միշտ ունեն իրականանալի դառնալու մեկ աստիճան բարձր վիճակ, որովհետև իշխանություններն ունեն պաշտոնական և ֆինանսական ավելի մեծ լծակներ:








































