Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը հույս է հայտնել, որ Եվրահանձնաժողովի խոստացած միջոցների զգալի մասն Ուկրաինա կհասնի նախքան մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրությունները, հատնում է Ria Novosti-ն:
Մարտի սկզբին Եվրահանձնաժողովը ԵՄ-ի անունից միության բյուջեից Ուկրաինային վարկերի և դրամաշնորհների տեսքով օգնության փաթեթ (3 մլրդ եվրոյի չափով) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ու Եվրոպական ներդրումային բանկի վարկեր ձևակերպեց (մոտ 8 մլրդ եվրո):
Եվրահանձնաժողովն Ուկրաինային խոստանում է առաջիկա տարում 1,6 մլրդ եվրո վարկ տալ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի պայմանները կատարելու և տնտեսական քաղաքականության ոլորտում առանձնահատուկ պայմանների կատարման դիմաց:
«Մենք կկարողանանք մեր բազմակողմանի 1,6 մլրդ եվրոյի օգնության հատկացումը սկսել այս ամիս՝ զգալի միջոցներ տրամադրելով, հույս ունեմ, մինչև մայիսի 25-ին տեղի ունենալիք նախագահական ընտրությունները»,- ասել է Էշթոնը Եվրախորհրդարանի պատգամավորների առաջ ելույթի ժամանակ:
Անցած շաբաթ ԱՄՀ-ը հայտնել է, որ Ուկրաինայի հետ stand by կայունացման ծրագրի շրջանակներում 14-18 մլրդ դոլար հատկացնելու վերաբերյալ նախնական համաձայնություն էր ձեռք բերվել: Օգնության պայմանը կլինի Ուկրաինայի իշխանությունների կողմից բարեփոխումների ընդունումը, որն ուղղված կլինի երկրի տնտեսության կայունացմանը:
Միջազգին հանրության ֆինանսական ընդհանուր օգնությունը, ներառյալ ԱՄՀ-ի միջոցները, երկու տարվա ընթացքում կարող են կազմել 27 մլրդ դոլար:









































