Լիբանանում սիրիացի փախստականների թիվն անցած տարի մեծացել է եռակի և գերազանցել 1 միլիոնը, ինչը ծանր բեռ է դարձել մերձավորարևելյան պետության համար: Այս մասին ասվում է Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակի տարածած հաղորդագրությունում՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Հաղորդվում է, որ Լիբանանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող փախստականների թվով: Այդ երկրի յուրաքանչյուր 1000 բնակչի միջինը բաժին է ընկնում 220 սիրիացի փախստական:
2012-ի ապրիլին լիբանանյան տարածքում ապաստանել էր 18 հազար սիրիացի: Ուղիղ մեկ տարի անց նրանց թիվն արդեն 356 հազար էր, իսկ այսօր՝ մեկ միլիոն: Ամեն օր Լիբանանում ՄԱԿ-ը գրանցում է մոտ 2500 նոր փախստական:
Մեծ ծանրաբեռնվածություն է ընկած կրթական համակարգի վրա: Լիբանանում գտնվում է դպրոցական տարիքի մոտ 400 հազար սիրիացի երեխա, ինչը կրկնակի գերազանցում է լիբանանցի դպրոցականների թվին:
Համաշխարհային բանկի կանխատեսումներով՝ մինչև տարեվերջ Լիբանանի կորուստները տնտեսական զարգացման դանդաղող տեմպերից կկազմի 2.5 մլրդ դոլար: Նույն ժամանակահատվածում աղքատության շեմին կհայտնվի ավելի քան 170 հազար մարդ:
ՄԱԿ-ը նշում է, որ Լիբանանին աջակցություն ցուցաբերելը չափազանց անհրաժեշտ է՝ այդ փխրուն հասարակությունում և իրականում ողջ տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության հետագա «էրոզիան» դադարեցնելու համար:
Անցած տարի ՄԱԿ-ը և գործընկեր կազմակերպությունները միջազգային հանրությունից 1.89 մլրդ դոլար էին խնդրել 2014-ին Լիբանանում սիրիացի փախստականներին օգնելու համար: Ներկայում հայցը ֆինանսավորվել է 13 տոկոսով:
Սիրիացի փախստականների թիվը Լիբանանում, Հորդանանում, Թուրքիայում, Իրաքում և Եգիպտոսում գերազանցել է 2.6 միլիոնը, իսկ մինչև տարեվերջ, համաձայն Փախստականների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարի գրասենյակի, կարող է կազմել 4 մլն:











































