«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ ոչիշխանական քառյակը՝ ՀԱԿ, «ԲարգավաՃ Հայաստան», «Դաշնակցություն» և «Ժառանգություն» խմբակցությունները, այս պահին աշխատում է Սահմանադրական դատարանի երեկվա որոշմանն ուղղված համատեղ հայտարարության տեքստի վրա:
Երեկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը քառյակի հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ իրենք ՍԴ-ի այդ որոշման հետ կապված հայտարարությամբ հանդես կգան, բայց դա կանեն որոշման տեքստը ստանալուց և մանրամասն ուսումնասիրելուց հետո: Երեկ արդեն հայտնի էր, որ ՍԴ-ն որոշման տեքստը կողմերին կտրամադրի երկու օր հետո, այսինքն՝ վաղը, բայց քառյակն այսօր որոշել է հայտարարությունն անել:
Որոշ տեղեկությունների համաձայն՝ քառյակի շտապողականությունը պայմանավորված է կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանի արած հայտարարությամբ, թե՝ «եթե ՍԴ-ն մեզ տվել է ժամանակ մինչև սեպտեմբերի 30-ը, և եթե ես ճիշտ եմ հասկացել, օրենքը շարունակում է գործել այն տեսքով, որն ընդունվել է ԱԺ-ի կողմից»:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ի պատասխան Տ.Սարգսյանի, այսպես է ասել. «Ճիշտ եք, պարոն վարչապետ: ՍԴ-ի 68-րդ հոդվածի երկրորդ կետն է, համաձայն որի՝ նման պարագաներում օրենքը համարվում է սահմանադրական, մինչև նրա ուժը կորցնելը, այսինքն՝ մինչև նշված ժամկետը վերջնաժամկետն է, այդ դրույթները համարվում են սահմանադրական»:
Ահա այս հայտարարությունները ոչիշխանական քառյակին ստիպել են մինչև ՍԴ որոշման տեքստը ստանալը միջանկյալ մի հայտարարություն անել: Եվ այդ հայտարարությունը հավանաբար ուղղված կլինի կառավարությանն ու վարչապետին:











































