Անցնող շաբաթն իրադարձային էր. Ազգային ժողովն արձակուրդից հետո անցկացրեց ԱԺ ամենահագեցած նստաշրջաններից մեկը՝ օրակարգում ունենալով 57 հարց: Պակաս իրադարձային չէր շաբաթը խորհրդարանից դուրս. Ամուլսարի հարցի շուրջ կրքերն այդպես էլ չեն հանդարտվում՝ չնայած գերատեսչական մի շարք պարզաբանումներին: Իսկ երեկ մեկնարկեց հանրապետության նախագահի և երեք առանցքային պաշտոնյաների՝ Մարտի 1-ի գործով դատավարությունը: Առաջին նիստն ավարտվեց դատարանից դուրս բախումներով՝ ոստիկանների բավականին ստվար կազմի ներկայությամբ: Ի՞նչ հետևության է բերում տեղի ունեցածը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը:
«Մարտի 1-ը բոլորիս հուզող խնդիր է եղել, տարիներ շարունակ այդ ցավը մեր ժողովուրդը իր հոգում կրել է այն հույսով, որ արդարությունը մի օր կվերականգնվի և մեղավորները կպատժվեն: Մենք, որպես պատգամավորներ, հետևում ենք գործընթացին, մեր նպատակն է, որ արդար վճիռ կայացվի»,- նշեց Ս. Բագրատյանը:
«Մարտի 1-ի մեղավորները պետք է պատասխան տան օրենքի ողջ խստությամբ»,- հավելեց Արեն Մկրտչյանը: Անդրադառնալով դատարանի բակում տեղի ունեցած միջադեպին՝ պատգամավորը նշեց, որ բռնությունը ՀՀ-ում հարցեր լուծելու գործիք չէ, քրեորեն դատապարտելի արարք է, և պատասխանատվություն պետք է կրեն նաև նրանք, ովքեր բռունցքների միջոցով են ուզում հարցեր լուծել:
Անդրադառնալով հարցին, թե Սահմանադրական դատարանի որոշումը քննող դատարանի համար ինչպիսի բարդություն է առաջացնում, Սերգեյ Բագրատյանը նշեց. «Մեր ժողովուրդն արդարադատության համակարգի նկատմամբ տոտալ անվստահություն ունի: Երբ որ չկա վտահություն, այն իմպերատիվ պահանջները, որ դրվում էին «ՍԴ որոշումներն անքննելի են» հասկացության մեջ, այլևս չի գործում: Նման կարևորագույն ինստիտուտը պետք է անվերապահ վստահություն ունենա: Երբ որ դա չկա, այլևս դրանից բխող հետևանքները հասկանալի չեն դառնում հանրությանը, և դատարանները ՍԴ որոշումներին այլևս անվերապահ վստահություն չեն հայտնում»:
Կարեն Սիմոնյանը, անդրադառնալով Ամուլսարի խնդրին, նշեց, որ հարցի վերաբերյալ կոնսենսուս կա ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների միջև, իշխանական թևի կարծիքը չեն կիսում ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն: «Փորձաքննությունն ավելի վստահելի ընկերությունների կողմից պետք է իրականացվեր…»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով նաև, որ անհրաժեշտ էր նաև ֆինանսական աուդիտ իրականացնել:
Արեն Մկրտչյանը հավելեց, որ այժմ հանքը շահագործելու մասին խոսք չկա. «Ընկերությունը պետք է շինարարական աշխատանքներ իրականացնի, դրա համար ճանապարհը պետք է բաց լինի»:
Մանրամասն տեսանյութում:






































