Քեսաբում տիրող իրավիճակի և քեսաբահայերի դրության հանդեպ Եվրոպայի հայ համայնքն ամենևին էլ անտարբեր չէ: Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Պետո Դեմիրճյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք մի շարք քայլեր են կատարել, որոնց մասին պարզապես հարկ չեն համարում բարձրաձայնել: «Ես կարող եմ հայտարարել, որ մենք Բրյուսելում ուղղակի դրամահավաք ենք կազմակերպել, որ կարողանանք օգնություն հասցնել քեսաբահայությանը, ովքեր Լաթաքիայում են մնում, այն ընտանիքները, որ Քեսաբից Լաթաքիայում են ապաստանել, նրանց համար ենք դրամահավաք սկսել, ընդ որում` այդ դրամահավաքն իրականացվում է Եվրոպայի ամենատարբեր երկրներում, ոչ միայն Բելգիայում: Դրամահավաքը սկսել ենք արդեն, գաղութներին, քաղաքական շրջանակներին տեղյակ ենք պահել»,- ասաց նա` հավելելով, որ նպատակ կա մարդկային, մարդասիրական օգնություն հասցնել զանազան կազմակերպությունների և միությունների՝ պետությունների միջոցով:
Դեմիրճյանի խոսքով` պարզապես թերթերում մեծ-մեծ գրելով կամ հայտարարություններ անելու միջոցով չէ, որ իրենք մարդկանց օգնություն են հասցնում, այլ հենց որոշակի` կոնկրետ գործ անելով: Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ ՄԱԿ-ի գրասենյակի մոտ արդեն կոչ է եղել` իրենց գրասենյակը ԵՄ պատասխանատու երեք նախագահներին էլ կոչ է հղել, նաև այլ քայլերի են ձեռնարկել, որոնց մասին հիմա չցանկացավ բացահայտ խոսել: «Ամեն դեպքում, շատ բաներ ենք արել, անշուշտ, պետք է զերծ մնալ զգացմունքային մոտեցումներից, պետք է լավ իմանալ` ինչ վիճակ է, ապատեղեկատվությունը կամ սխալ տեղեկատվությունը պետք չէ տարածել, պետք է ճիշտ տեղեկություններ տրամադրել. կեղծ տեղեկություններ տալով միայն ավելի վնասում ենք նրանց, քան իսկական պատկերը տալով:
Հայաստանի ԱԺ-ն պատվիրակություն ուղարկեց Քեսաբ, գնացին, տեսան իրավիճակը, վստահ եմ, որ պիտի քննարկեն, թե ինչ օգնություն կարելի է տալ, բայց պետք է հստակ ասել` Քեսաբի հայությունն ընդհանրապես Սիրիայի տագնապի մի մասն է, Հայաստանը երեք տարիների ընթացքում է, որ Հալեպից, Դամասկոսից և Սիրիայի այլ շրջաններից մեր հայրենակիցներին օգնություն է տալիս, պետք չէ միայն Քեսաբը զանազանել: այն մաս է կազմում ամբողջ Սիրիայի»,- ասաց նա:
Դեմիրճյանը նշեց, որ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը Բելգիայում, ԵՄ շրջանակների մոտ հսկայական աշխատանք է տանում` հայտարարություններից բացի (որոնք զուտ տեղեկատվություն տալու նպատակ ունեն), նրանք աշխատանքներ են կատարում, որոնց մասին հայտնի կդառնա առաջիկա օրերին, սակայն նախքան այդ Բելգիայում դրամահավաք է տեղի ունենալու, որի արդյունքում հավաքված գումարներն անմիջականորեն պիտի ուղարկվեն Լաթաքիայում ապաստան գտած քեսաբահայությանը:











































