ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանն այսօր Արարատի մարզում ծանոթացավ ցրտահարության հետևանքներին, վաղը նրան Արմավիրի մարզում են սպասում՝ ներկայացնելու ցրտահարության վնասները:
Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի գյուղապետ Գևորգ Դանիելյանը չի շտապում վերջնական վնասի չափը հայտնել. «Էսօր չեմ կարող թվեր ասել, հիմա նստած հաշվարկում են՝ ինչքան ծիրան, դեղձ ենք կորցրել, վաղը-մյուս օրը պարզ կլինի»,-ասաց նա՝ ներկայացնելով մոտավոր հաշվարկ՝ շուրջ 350 հեկտար այգի, որտեղ խաղող, նաև այլ պտուղներ կային, ցրտահարվել է: Նա ասաց, որ մարզպետարան են ներկայացնելու վնասի չափը, իսկ թե ինչ կլինի հետո, գյուղապետը դժվարանում է ասել:
«Ես էլ գյուղապետ եմ, վարկեր եմ վերցրել, որ հող մշակեմ, սաղ գյուղն էլ նույնն է, առանց վարկի գյուղացին չի կարող հող մշակի, բոլորն էլ վարկեր ունեն»,- ասաց գյուղապետը՝ այսքան վնասից հետո հնարավոր համարելով արտագաղթի նոր ալիքի բարձրացումը. «Եթե մարդու միակ եկամտի աղբյուրը ծիրանենիներն են, հիմա բացարձակ չկա, միակ միջոցը արտագաղթելն է: Բայց հնարավոր է այնպիսի մի բան լինի, որ ժողովուրդը մնա»,- հույս հայտնեց գյուղապետը: Գևորգ Դանիելյանը տեղեկացրեց, որ արել են բոլոր հնարավոր մեթոդները՝ փրկելու ծառերը, սակայն ապարդյուն. «Սաղ գիշերը ծխեցրել են, բայց 6 աստիճան ցրտին ի՞նչ ծուխ»,- հավելեց նա:
Արմավիրի մարզի Այգեշատ գյուղի 2420 բնակիչ ունեցող գյուղապետ Ռոբերտ Հովսեփյանը, ի տարբերություն Մրգաշատի գյուղապետի, ցրտահարության վնասի հաշվարկներին չի սպասում, քանի որ ցրտահարությունը100 տոկոսով վնաս է հասցրել այգեշատցիներին:
«Ծիրանը, խաղողը, պոպոկը, կարտոշկեն, կաղմաբը, այն ամենը, ինչ կա հողի մեջ, ոչնչացել են»,- ասաց գյուղապետը՝ հավելելով, որ բոլոր գյուղացիներն էլ վարկ են վերցրել, պարարտանյութ գնել, այսօր փաստի առաջ են կանգնել: Ոչ մի բան չենք ունենալու՝ դեղձից բռնած, խաղողից ու ծիրանից վերջացրած, ոչ մի բան չենք ունենա»,- ասաց նա՝ վրդովված նշելով. «Վերևներից ասում են՝ ծուխ տվեք, էս արեք, էն արեք, լավ, քամի է, ծուխը տվինք, ծուխը հո չի մնալու տեղում, ծուխը արդյունք կտա, եթե քամի չկա, կնստի այգիների վրա, իսկ եթե քամի է, ի՞նչ արդյունք ծուխից: Սրանք լրիվ անօգուտ միջոցառումներ են, որ իրենք իրենց գովան, ասեն, որ մենք զգուշացրել ենք, բայց էդպես չի լինում»:
Գյուղում հիմնականում արտագաղթ չկա՝ ընդամենը տասը ընտանիք, բայց այսուհետ պարզ չէ՝ ինչ կլինի:
Արարատի մարզի Ազատաշեն գյուղում ցրտահարությունից վնաս չեն կրել, քանի որ, գյուղապետ Ստեփան Ստեփանյանի փոխանցմամբ, ծիրանը քիչ է, ինչ էլ կա, ցուրտը տարել է, իսկ ջերմոցներում, որտեղ հիմնականում, ծաղիկ, պոմիդոր, վարունգ են աճեցնում, ցուրտը, գյուղապետի բնորոշմամբ, «վախեցրել» է:
Թեև ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Սյունիքի մարզի գյուղերն էլ ցրտահարությունից անմասն չեն մնացել, այնուամենայնիվ, Սյունիքի մարզի Լիճք գյուղի գյուղապետ Հովհաննես Միրզոյանը հերքեց այդ տեղեկատվությունը. «Ցրտահարության դեպք չի գրանցվել մեզ մոտ, մեր ծառերը դեռ չէին բողբոջել, մենք բարձրադիր ենք»,- ասաց նա:
Արմավիրի մարզի Ապագա գյուղում թեև վնասն աննկարագրելի է, բայց գյուղապետ Արտաշես Բարսեղյանի խոսքով՝ իրենց գյուղում միշտ էլ ապագա կա. «Ապագացիք ապրում են ապագայով, ոչ թե անցյալով»,- ասաց նա:
«Մեզ մոտ հիմնականում ջերմոցային տնտեսություններ են, որոնք լիովին պահպանվել են ձեռնարկված միջոցառումների շնորհիվ: Դաշտերում ցելոֆանի տակ մի քանի ծառ է ցուրտը տարել, լոբի է եղել, մարգերը ցուրտը տարել է, բայց ծառերը Արմավիրի մարզում լրիվ ցուրտը տարել է»,- ասաց նա:
Նա նշեց, որ փոքր տնտեսություններում վնասի չափը 15-20 տոկոս է կազմել: «Մեր ջերմոցային տնտեսությունում կարողացել են ծուխ վառել, մի 80 տոկոս պահպանվել է»,- ասաց նա:
«Փառք տանք Աստծուն, որ հիմիկվա դրությամբ մի քիչ պաշտպանված ենք: Ես նորից հորդորում եմ, որ պետք է տիրություն անել, սա ես ընդունում եմ որպես բնական աղետ: Մենք չվախեցող ժողովուրդ ենք, հիմնականում սասունցի, կռիվ են տալիս հողի հետ»,- ասաց նա:












































