«Առաջին լրատվական»-ը օրեր առաջ ներկայացրել էր սփյուռքահայ Էդմոն Խուդյանի «Արին կապիտալ» ընկերության հետ կատարվող դատական և արտադատարանական քաշքշուկները: Նա 2004թ-ին 600,000 ԱՄՆ դոլարին համարժեք գումարով ձեռք է բերում Մաշտոցի 33 հասցեում գտնվող 4 հարկանի շենքը` այն վերանորոգելու և վաճառելու նպատակով, որի վերանորոգման աշխատանքներն ստանձնած Վլադիսլավ Մանգասարյանը, շենքը քանդում է առանց հիմնադրի թույլտվության` այն հարևանությամբ գտնվող Մաշտոց 33ա տարածքին միացնելու և այնտեղ բարձրահարկ շենք կառուցելու նպատակով:
Երբ հարաբերությունները սրվում են Խուդյանի և Մանգասարյանի միջև, ընկերության հիմնադրին է զանգահարում նրանց ընդհանուր գործընկեր, ներկայիս ՀՀ Նախագահի եղբայր Լևոն Սարգսյանը: Նրա խնդրանքով Խուդյանը համաձայնում է կարճաժամկետ ներդրում անել և ձեռք է բերում Մաշտոցի 33ա տարածքը ($1,000,000), պայմանով որ իր մասնակցությունը պետք է ավարտվեր 2006թ մայիսին` վերադարձնելով իր ներդրած գումարներն ու որոշակի շահույթ: Սակայն Լևոն Սարգսյանի երաշխավորության պարագայում էլ, Մանգասարյանի հետ կնքված պայմանագիրն այդպես էլ չի իրականանում և $1,600,000 ներդրումը չի վերադարձվում: Ըստ պայմանավորվածության, Խուդյանի մոտ առաջանում է $1,000,000 ԱՄՆ վերադարձնելու պահանջ և Մանգասարյանը դիմում է Ավիոտրանս ընկերությանը $1,000,000 վարկ վերցնելու, որից $450,000-ը յուրացնում է:
Սկսվում է պայթյունավտանգ իրավիճակ, սակայն Լևոն Սարգսյանի միջամտությամբ գործարքը շարունակում են: Մեկ տարի հետո գալիս է վարկը մարելու ժամանակը, և վարկի գումարը դարձած է լինում $1,270,000. (դրամի կուրսը 25% բարձրացել էր): Չնայած պայմանավորվածության` Մանգասարյանը ոչինչ չի ձեռնարկում պարտքը վերադարձնելու համար, և Խուդյանին է խնդրում միջոցներ ձեռնարկել` գնորդներ բերելու համար, ինչն էլ հիմնադիրը ստիպված անում է, որպեսզի «Ավիատրանս» ընկերությունը շենքը չվերցնի: Գնորդների միջոցներով մի կերպ այդ վարկը մարում է: Վաճառքից ստացված գումարներից տրամադրում է նաև Մանգասարյանին ու շինարարությանը:
2007թ-ի ընթացքում որոշում են աշխատանքները շարունակել Մանգասարյանի վաղեմի ընկեր Ղևոնդ Ղալումյանի հետ, ում Մանգասարյանը $1,000,000 գումար էր պարտք: Եռակողմ պայամանգրով Խուդյանի և «ցուցակագրված» գնորդների ներդրումների հաշվին կառուցված 9,167 քմ մակերեսով կիսակառույցը 2007թ-ին ներդրվում են «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ում և ընկերությունում ունեցած նրա 100% բաժնեմասերի 21%-ը տրվում է Մանգասարյանի աղջկա ամուսնուն` Հայկազ Սարգսյանին, 17%-ը` Ղևոնդ Ղալումյանին: Մանգասարյանը, որպես շինարարական կազմակերպությունների ղեկավար, հանձն է առնում շինարարությունն ավարտին հասցնելը, իսկ Ղևոնդ Ղալումյանը` հարկային և պետական այլ մարմինների հանդեպ պարտավորությունների պատշաճ կատարումը և ընկերության բնականոն գործունեության ապահովումը: Խուդյանը ընկերության տնօրեն է նշանակում իր ընկերոջը` Էդուարդ Եսայանին, ով, հիմնադրի կարծիքով, հավատարիմ էր իրեն, և նրան է լիազորում իր անունից հանդես գալ ընկերությունում, բանկում և այլն: Սակայն նրա նշանակմամբ էլ ոչինչ դրականորեն չի փոխվում. շարունակում են Խուդյանին սննկացնել:
«Առաջին լրատվականի» ունեցած տեղեկություններով, Պետեկամուտների հետաքննության վարչությունում 2011թ-ի մայիսի 3-ին որոշում է կայացվել «Արին Կապիտալ» Ներդրումային ՍՊ ընկերության տնօրեն Էդուարդ Եսայանի կողմից կանխամտածված սնանկության հատկանիշներ ստեղծելու դեպքի առթիվ հարուցել քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 193-րդ հոդվածի հատկանիշներով և այն ուղարկել ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչություն` ըստ քննչական ենթակայության, հետագա ընթացքը լուծելու համար: ՊԵԿ հետաքննության վարչության 1-ին բաժնում պարզվել է, որ «Արին Կապիտալ» ՍՊԸ-ը հանդիսանում է Մաշտոցի 33ա և 33/1 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցապատող և իրականացնում է բնակարնների վաճառք: Ընկերության տնօրենն էլ Էդուարդ Եսայանն է: Պարզվել է, որ նշյալ ընկերությունը 2010 թ. ապրիլ, մայիս և հունիս ամիսներին վաճառել է բնակարաններ և այդ գործարքներից պետբյուջեի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները չի կատարել, դրամարկղի գրքում ընկերություն մուտք եղած գումարները չեն արտացոլվել, այլ ուղղվել են այլ նպատակների: Պարզվել է նաև, որ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով «Արին Կապիտալ» ՍՊԸ-ն ճանաչվել է սնանկ: Նույն դատարանի որոշմամբ հաստատվել է պարտատերերի վերջնական ցուցակը: Բազմաթիվ քաղաքացիներ ընկերության հետ կնքելով առուվաճառքի նախնական, ինչպես նաև իրավունքի պայմանագրեր, չեն ստացել բնակարաններ: Նախաքննական մարմինը, նկատի ունենալով, որ «Արին Կապիտալի» տնօրեն Էդվարդ Եսայանը հնարավորություններ է ունեցել ընկերության կողմից պետբյուջեի հանդեպ ունեցած հարկային պարտավորություները կատարելու, սակայն չի կատարել` միտումնավոր ստեղծելով սնանկության կեղծ հատկանիշներ, և բյուջեին պատճառել խոշոր չափի` 139300000 դրամի վնաս, ինչը համարվում է քրեորեն պատժելի արարք: Թե ինչպես կավարտվի այս քրգործը և ինչ հետևանք կունենա Էդուարդ Եսայանի համար` ցույց կտա ժամանակը:








































