ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով հուլիսի 11-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի գլխավորած պատվիրակությունը:
Մինչև պաշտոնական հանդիպումները ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը և պատվիրակության անդամները հարգանքի տուրք մատուցեցին 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին, ծաղիկներ դրեցին նրանց հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Այնուհետև տեղի ունեցավ երկու խորհրդարանների նախագահների առանձնազրույցը, որի ընթացքում քննարկվեցին երկկողմ կապերի ակտիվացմանը, միջխորհրդարանական գործակցության խորացմանը առնչվող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Առանձնազրույցից հետո Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը և Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը մասնակցեցին երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը:
Ողջունելով և կարևորելով ուկրաինացի գործընկերոջ այցը Հայաստան` Հովիկ Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ փոխադարձ այցելությունները և խնդիրների հրապարակային քննարկումները կնպաստեն երկու պետությունների արդյունավետ համագործակցությանը և փոխգործակցության զարգացմանը: «Խորհրդարանական դիվանագիտությունն այսօր կարևոր դեր է խաղում երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում, և վստահ եմ, որ Ձեր այցը Երևան լրացուցիչ խթան կհանդիսանա միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման և ամրապնդման համար,-ասաց ՀՀ ԱԺ նախագահը: «Մենք պետք է նպաստենք մեր խորհրդարանականների միջև արդյունավետ համագործակցությանը, և պատգամավորական բարեկամության խմբերի աշխատանքի ակտիվացումը: Բայց ես առաջարկում եմ շարժվել առաջ և բարեկամության խմբերի հիման վրա ստեղծել Հայաստանի Ազգային ժողովի և Ուկրաինայի Գերագույն Ռադայի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողով: Կարծում եմ`այս դեպքում մեր երկրների խորհրդարանները կարող են ավելի արդյունավետ նպաստել մեր երկրների ավելի սերտ միջպետական համագործակցությանը բոլոր ուղղություններով»,-ասաց Հովիկ Աբրահամյանը` մաղթելով, որ Գերագույն Ռադայի պատվիրակության այցը դառնա մշտական կապի, հանդիպումների, շփումների երկար ճանապարհի միայն սկիզբը` իրականացնելու խորհրդարանների գլխավոր խնդիրը` աջակցել երկու պետությունների հետագա արդյունավետ զարգացմանն ու ժողովուրդների բարեկեցությանն ուղղված իսկապես բարեկամական համագործակցությանը:
Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը դրական գնահատելով քաղաքական երկխոսության մակարդակը երկու երկրների միջև` նշեց, որ բոլոր պայմանները կան սերտացնելու հարաբերությունները տարբեր ոլորտներում: Միջպետական հարաբերությունների զարգացման առումով նա բարձր գնահատեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ուկրաինա:
Պարոն Լիտվինը ողջունեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողով ստեղծելու առաջարկը: Գերագույն Ռադայի նախագահը ՀՀ Ազգային ժողովի նախագահին փոխադարձ պաշտոնական այցով հրավիրեց Ուկրաինա:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց հայ – ուկրաինական հարաբերությունները: Նրա խոսքով` երկու երկրների միջև ստորագրված ավելի քան յոթանասուն միջպետական պայմանագրերը և միջկառավարական համաձայնագրերը ամուր հիմք են բազմակողմանի համագործակցության համար: «Երկկողմ հարաբերություններում կարևոր տեղ է զբաղեցնում նաև միջխորհրդարանական համագործակցությունը,- ասաց Հովիկ Աբրահամյանը:- Հայաստանի և Ուկրաինայի խորհրդարանականները հաջողությամբ համագործակցում են ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի շրջանակում, բայց դեռ չունենք լիարժեք համագործակցություն միջխորհրդարանական այլ կազմակերպություններում, թեև վերջերս երեում են որոշ դրական տեղաշարժեր:
ԱԺ նախագահը նշեց, որ Ուկրաինան Հայաստանի երկրորդ առևտրային գործընկերն է ԱՊՀ – ում: Չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, Հայաստանի և Ուկրաինայի միջև ապրանքաշրջանառության ծավալները 2005 – 2010թթ. ավելացել են յոթանասուն միլիոն դոլարով:
«Համոզված եմ, որ հայ – ուկրաինական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության վերսկսումը, բիզնես – ֆորումների կազմակերպումը, և, որ ամենակարևորն է, Նախագահ Սերժ Սարգսյանի` վերջերս Ուկրաինա կատարած այցը և նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները հույս են ներշնչում, որ մեր տնտեսությունները մոտ ապագայում կարող են արդյունավետ համագործակցել»,- ասաց Հովիկ Աբրահամյանը` ավելացնելով, որ դրան բավականին կարող են նպաստել երկու երկրների միջտարածաշրջանային համագործակցությունը, առևտրա – տնտեսական, մշակութային և կրթական կապերի զարգացումը:
ՀՀ ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը կարևոր համարեց Հայաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների համագործակցության ակտիվացումը միջազգային կառույցներում, մասնավորապես ԵԽԽՎ-ում և ԵՎՐԱՆԵՍԹ-ում: Նրա հետ համամիտ էր ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը, ով ընդգծեց հավասարակշիռ վերաբերմունք դրսևորելու և անկողմնակալ մոտեցումներ ցուցաբերելու անհրաժեշտությունը:
Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահը նշեց, որ խորհրդարանների միջև մշտական համագործակցությունը հնարավորություն կտա հստակեցնել մոտեցումները և ճշգրտել դիրքորոշումները:
Անդրադառնալով Ուկրաինայի հայկական համայնքին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ այսօր այնտեղ հայկական սփյուռքը կազմում է շուրջ չորս հարյուր հազար մարդ: «Համոզված եմ, որ ինչպես անցյալում, հայերը ներդնում են իրենց ուժը, տաղանդը և հմտությունները ժամանակակից Ուկրաինայի զարգացման մեջ, և ես հուսով եմ, որ Ուկրաինայում հոգատար և բարեկամական վերաբերմունքը մեր հայրենակիցների նկատմամբ այսուհետ ևս կշարունակվի»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավոր Նվեր Մխիթարյանը նշեց, որ Ուկրաինայի հայ համայնքն իրեն շատ վստահ է զգում և երկրի ամենահարգված համայնքներից է:
Խորհրդարանական հանդիպումներից հետո Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի գլխավորած պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Ուկրաինացի խորհրդարանականները ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, եղան Ցեղասպանության թանգարանում: Վլադիմիր Լիտվինը եղևնի տնկեց Հիշողության պուրակում:
Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան շարունակվում է:










































