Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Օսիան մտադիր է դիմել միջազգային դատարան՝ ընդդեմ ԵԱՀԿ առաքելության ցխինվալյան գրասենյակի։ Վերջինս մեղադրվում է 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո անգործության ու Վրաստանի կողմից հարձակմանն աջակցելու մեջ։ Այս մասին հայտարարել է հետկոնֆլիկտային հարցերի կարգավորման պատասխանատու Բորիս Չոչիևը.
«Մենք ունենք փաստեր, վկայություններ, որ 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ Ցխինվալում ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչներն անգամ ապաստան փնտրող երեխաներին չեն թույլատրել մտնել իրենց շենքի բունկերը։ Մենք սկսել ենք նյութեր հավաքել այս կապակցությամբ, որպեսզի ԵԱՀԿ-ի դեմ դիմենք միջազգային դատարան»։
Չոչիևը հիշեցրել է, որ այս տարվա հուլիսի 5-ին Հաագայի վճռաբեկ դատարանը Նիդերլանդներին մեղավոր ճանաչեց 1995 թվականի հուլիսին Սրեբրենիցայում 3 բոսնիացի մուսուլմանների մահվան մեջ.
«Բոսնիայում ու Հերցեգովինայում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահների կազմում ներառված հոլանդական գումարտակը ապաստան չէր տրամադրել 3 մուսուլմանների, ինչի արդյունքում մեղադրվել է նրանց մահվան մեջ։ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող հոլանդացի խաղաղապահները պարտավոր են պաշտպանել խաղաղ բնակիչներին, սակայն ոչինչ չարեցին նրանց անվտանգության համար և դրա համար դատապարտվեցին։
Նմանատիպ անգործունություն 2008 թվականի պատերազմի ժամանակ ցուցաբերել են Ցխինվալում ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչները։ Այդ կազմակերպությունն իր լռությամբ նաև աջակցել է Հարավային Օսիայի վրա Վրաստանի գործած հարձակմանը»։
Հիշեցնենք, որ 2008 թվականի պատերազմը տեղի է ունեցել օգոստոսի 7-12-ն ընկած ժամանակահատվածում։








































