«Առաջին լրատվականի» զրուցակիցն է Հայ կրթական հիմնարկության կրթաթոշակային ծրագրի կառավարման խորհրդի նախագահ, Եվրահանձնաժողովի Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետների խմբի անդամ Նվարդ Մանասյանը
– Նվարդ, կարծում եք՝ մեր ուսումնական համակարգում ընդունված բարեփոխումները, որոնք լիովին փոխեցին սովետական ուսումնական համակարգը, նույնքան արագ ընկալվեցի՞ն ոլորտի մասնագետների կողմից։ Հաշվի առնվե՞լ էր, արդյոք, մարդկային գործոնը։
– Ոչ մի փոփոխություն էլ արագ չի ընկալվում։ Մենք հսկայական վարքագծային փոփոխություն ծրագրավորեցինք օրենսդրական փոփոխություններով։ Սակայն մենք դրա մարդկային գործոնը ճիշտ չենք հաշվարկել։ Մեզ թվում էր, որ եթե թղթի վրա գրես, մարդիկ կսկսեն նոր մոտեցմամբ լսարան, դասարան մտնել։ Իրականում պարզվեց, որ մարդիկ ավելի շատ հակված են հին սովորույթներին վերադառնալուն, որոնց լավ են տիրապետում։
– Եթե սովետական կրթական համակարգում ուսուցիչները ունեին հստակ սահմանված դասավանդման մեխանիզմ, ապա այժմ նրանք ունեն հստակ վերջնարդյունք տալու պարտականություն, իսկ թե ինչպես կհասնեն դրան՝ իրենք պետք է որոշեն։ Այսինքն՝ ուսուցիչը ինքը պետք է պլանավորի դասապրոցեսը։ Նվազագույնի հասցվե՞ց այս սերունդի վրա այդ անցման վատ ազդեցության ռիսկը։
– Ստեղծագործող մարդու համար հին ու նոր համակարգ չկա։ Ուրիշ խնդիր է այն, որ մասայականացող բարձրագույն կրթության պայմաններում պիտի ապահովենք բոլորի բարձրորակ գործունեությունը, այսինքն՝ մարդիկ, որ ստեղծագործ մոտեցում չունեն, պետք է չափորոշիչների հետևեն։ Այդ մարդկանց համար անցումը նոր համակարգին մի փոքր դժվար եղավ։ Ցավոք, կրթական համակարգը սոցիալական է, և հնարավոր չէ հասարակությունից դուրս փորձարկել։ Մենք պատրաստ չէինք այն հսկայական պարադիգմատիկ փոփոխություններին, որ եղան երկրում, մեզ արագ-արագ հրամցնում էին բարեփոխումներ, որոնց մենք իսկապես պետք է հասցնեինք, օրինակ՝ ապագաղափարացնեինք մեր կրթական համակարգը։ Այլընտրանք հնարավոր չէր պատկերացնել, եթե ուզում էինք արագ գործել, պետք է հրահանգը իջեցվեր կենտրոնից։ Եվրոպական երկրներում բուհերն իրենք նախաձեռնեցին գործընթացը, մինչդեռ մեր երկիրը այս ամենին անցավ հակառակ տրամաբանությամբ, նախարարությունը նախաձեռնեց, հետո պարտադրեց բուհերին այս կամ այն փոփոխություններն իրականացնել, օրինակ՝ կրեդիտային համակարգ ներդնել, որին բուհերը պատրաստ չէին։
– Աշակերտակենտրոն կրթական համակարգ ենք ընդունել, որը ենթադրում է ուսուցիչ-աշակերտ այլ տիպի հարաբերություններ։ Կարծիք կա, որ ուսուցիչները շարունակում են սահմանումներով ծանրաբեռնել աշակերտներին ու ուսանողներին՝ նրանց մտածել սովորեցնելու փոխարեն։ Համաձա՞յն եք այդ կարծիքին։
– Այդ խնդիրը միշտ էլ եղել է։ Բայց սուր չէր զգացվում, որովհետև հաղորդակցման ինտենսիվությունը այդքան բարձր չէր։ Հիմա չկան նախկին նամակագրական կամ հեռախոսակապի խաթարումները, հիմա մարդիկ հաղորդակցվում են լուսային արագությամբ։ Այժմ միայն տեղեկատվությունը ակտուալ չէ, դուք պետք է կարողանաք մտքեր փոխանակել։ Որևէ գիտելիք որպես ընկալում յուրացնելու համար այդ տեղեկատվությանը պետք է միացնել նաև մեթոդաբանությունը, որով այդ տեղեկատվությունը ձևավորվել է։ Այդ մասը ամեն տեղ դժվար է, մեզ մոտ հատկապես դժվար է, որովհետև մենք շատ փուլեր արագացված ենք անցնում։ Տեղեկատվությունը գնելը, դրա հետ աշխատելը ինքնադրդվելու հմտություններ են, որոնք ներհատուկ են այն հասարակություններին, որտեղ կա գիտելիքահենք տնտեսություն։ Իսկ մենք չունենք գիտելիքահենք տնտեսություն։ Նոր ձևավորվող բուրժուաիզմի և ֆեոդալիզմի արանքում գտնվող երկիրը մեկ էլ փորձում է քայլել եվրոպական երկրների հետ, որտեղ տնտեսության առյուծի բաժինը գիտությանն է պատկանում։ Այսինքն՝ համակարգի պահանջը ներքին չէ, այլ արտաքին դրդմամբ է պայմանավորված։
– Այժմ ընթանում են ուսուցիչների ու տնօրենների վերապատրաստման կուրսեր, որոնք, մասնագետների խոսքով, գիտելիքի չափազանց բարձր մակարդակ են պահանջում։ Այդ քննությունները նաև ուսուցչի մեթոդաբանական վերապատրաստում են անցկացնում։
– Երբ աշակերտակենտրոն կրթություն ստեղծելու գաղափարը առաջ քաշվեց, պարզ դարձավ, որ նոր տեսանկյունից պետք է ցույց տալ կրթական պրոցեսը և դրա կառավարելու առանձնահատկությունները։ Հետագայում հասկացան, որ նաև տնօրենները պետք է վերապատրաստվեն։ Այո, և առաջին հերթին հենց մեթոդաբանական վերապատրաստումն են կարևորում։
– Մեր երկրի տարբեր համալսարաններ տարբեր կերպ ընկալեցին բոլոնյան համակարգը։ Օրինակ՝ ԵՊԼՀ-ում այն առավելապես մոտ է եվրոպական համակարգին, մինչդեռ ԵՊՏՀ-ում նոր համակարգը սովետականի ու բոլոնյան համակարգերի խառնուրդ է ստացվել։ Սա նորմա՞լ է, չէ՞ որ բոլոնյան համակարգն ուղղված է հենց կրթությունն ունիվերսալացնելուն։
– Դա երկու առումով ինդիտակիվ է։ Նախ վկայում է այն մասին, որ բարեփոխումները մի կետից են ուղղորդվել։ Տարբեր մակարդակի կամ զարգանալու տարբեր արագություն ունեցող կառույցները չեն հասցնում միևնույն ունիվերսալ արդյունքն արձանագրել։ Տարօրինակ չէ, որ Լեզվաբանական համալսարանում ավելի մոտ են բոլոնյան սկզբունքներին, քանի որ այդ համալսարանի դասախոսները չունեն լեզվի պատնեշ։ Այդ արագությունների տարբերությունները պայմանավորված են նաև պրոֆեսորադասախոսական կազմի միջին տարիքով։
– Օտարալեզու դպրոցների վերաբացման դեմ պայքարը վերսկսվել է։ Կարծում եք՝ կարելի՞ է դրական արդյունք սպասել։
– Խնդիրներից մեկն այն է, որ մշակույթը և կրթությունը ստորադասվեցին շատ ավելի ստորակարգ բաների։ Երբ ֆինանսական մոտիվացիաներն են որոշում, թե ինչպիսին պետք է լինի մշակույթը, ամեն ինչ ուտիլիտար է դառնում, և այդ ազգերը ապագա չունեն։ Սին են այն հայտարարությունները, որ մեր լեզուն գիտության լեզու չէ։ Ես հաճախ հանդիպել եմ ռուսական դպրոց գնացած, բայց ամբողջությամբ այդ լեզուն չյուրացրած մարդկանց, ովքեր ձևական տրամաբանության մակարդակում դժվարացել են դատողություններ անել, թեև կենցաղային մակարդակում խոսել են թե՛ ռուսերեն, թե՛ հայերեն։ Իսկ կիսալեզու մարդը ոչ մի ասպարեզում չի կարող արդյունք տալ, այլ պետք է լինի սպառող։ Եթե որոշ մարդիկ ցանկանում են լինել քաղաքակրթության դռնապան, թող լինեն, բայց մի ամբողջ ազգի իրավունք չունեն դատապարտել դռնապան լինելուն։ Նայեք ծպտյալ հայերի օրինակը, բոլոր ձուլման պատմությունները, առաջինը լեզվի կորստով է սկսվում ազգի ձուլումը։ Հիմա սփյուռքի հայերի երրորդ սերունդը լեզվի պահպանման առջև է կանգնած։ Որակի խնդիր չեն լուծելու, բարձր մտածողություն մարդը չի ունենալու։ Ես՝ որպես քաղքենի, միգուցե ուզում եմ երեխայիս համար անգլիալեզու դպրոց լինի, ես իրավունք ունեմ այդ բարձր գիակցությունը չունենալ, բայց դրա համար ես պետություն ունեմ, որը պիտի իմ անվտանգության երաշխավորը լինի և պետք է հանձնառություն ունենա սեփական Սահմանադրության և Անկախության հռչակագրի։








































