8-րդ «Ոսկե ծիրանի» հյուրն է ֆրանսիացի հայտնի դերասանուհի Ֆանի Արդանը։
50-ից ավելի ֆիլմերում նկարահանված դերասանուհին փառատոնին ներկայացնլեու է իր ռեժիսորական աշխատանքները՝ «Արյուն և մոխիր»` լիամետրաժ և «Բացակա երազներ» կարճամետրաժ ֆիլմերը։ Ռեժիսուրայով զբաղվելու միտքը առաջացել է, երբ պատմություն գրելուց Արդանը պատկերացրել է իրադարձությունները նկարների միջոցով, պատմում է դերասանուհին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Ֆանի Արդանը համամիտ է այն կարծիքին, թե կինոն տղամարդկանց աշխարհ է, սակայն կինոն առաջին հերթին էներգիայի, էնտուզիազմի աշխարհ է Արդանի համար, ուստի այն մարդու համար է՝ անկախ նրա սեռից։
Դերասանուհին առաջին անգամ է Հայաստանում։ «Արդեն վաղուց երազում եմ Հայաստան գալու մասին, ես գիտեմ, որ երկու օրում չեմ ծանոթանա Հայաստանին, բայց գոնե կճանաչեմ հայերին։ Հայաստանն ինձ համար քրիստոնյա աշխարհի օրրանն է։ Ես գիտեմ, որ երկիրը շատ է տառապել, ուստի հայերին ավելի շատ եմ ուզում ճանաչել, քան երկիրը»,- ասում է Արդանը։
Իր ստեղծագործական ուղին Ֆանի Արդանը սկսել է թատրոնից, այնուհետև նկարահանվել է հեռուստասերիալում, որտեղից էլ նրան նկատել է Ֆրանսուա Տրյուֆոն ու առաջարկել նկարահանվել «Հարևանուհին», ապա՝ «Կիրակին շուտ գար» ֆիլմերում։
Տրյուֆոյի հետ ընկերությունը վեր է աճել սիրավեպի, որը շարունակվել է մինչև Տրոյուֆոյի մահը։ «Տրյուֆոն առաջինն էր, ով հավատաց ինձ»,- հիշում է Արդանը։ Այժմ էլ Ֆանի Արդանը շարունակում է թատրոնում խաղալ՝ համարելով, որ թատրոնը մաքրում է հոգին։
Թեև Արդանը ժամանակին քաղաքագիտություն է ուսումնասիրել, հիմա քաղաքագիտական վերլուծություններից խուսափում է։ «Իմ իմացած բոլոր հարաբերությունները սիրո վրա են հիմնված։ Կյանքում ամեն ինչ փոխկապակցված է։ Ամենակարևորը սերն է։ Ինչ արել եմ՝ սիրել եմ»,-ասում է Արդանը։
Հայաստանում Արդանը մնալու է ընդամենը 2 օր։ Այստեղ է եկել Ռուսաստանից, որտեղ Ժերար դե Պարդյեի հետ նկարահանվում էր «Ռասպուտին» ֆիլմում՝ մարմանավորելով թագուհու կերպարը։
Այսօր «Ոսկե ծիրանի» բացման արարողության ժամանակ Ֆանի Արդանին շնորհվելու է փառատոնի գլխավոր՝ Փարաջանովի անվան մրցանակը։











































