– Պարոն Մանուկյան, ե՞րբ եք եկել Հայաստանից և ի՞նչ բիզնեսով եք այստեղ զբաղվում:
– Հայաստանից Վրաստան եմ եկել գործարարությամբ զբաղվելու համար 11 տարի առաջ՝ առանց որևէ մեկին ճանաչելու. ոչ ընկեր ունեի այստեղ, ոչ ծանոթ, ոչ էլ բարեկամ: Այդ ժամանակ Վրաստանում էլ շատ վատ վիճակ էր, այնուամենայնիվ փորձեցի, լավ վրացի ընկերների հետ ծանոթացա, որոնց հետ մինչև այսօր էլ աշխատում եմ: Շատ կարևոր է, թե ում հետ կգաս և ինչ գործ կբռնես: Վրաստանը շատ սիրուն երկիր է, բազմաթիվ հնարավորություններ կան այսօր, բայց չէի ասի, թե աշխատելը խաղ ու պար է, շատ կարևոր է, թե ինչ գործընկերների հետ կաշխատես:
– Ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան Վրաստանում «վարդերի» հեղափոխությունից հետո:
– Սաակաշվիլիի գալուց առաջ այստեղ ոչ օրենք կար, ոչ կարգ կար: Հասարակ բան, նույնիսկ տարրական անվտանգության հետ կապված բազմաթիվ խնդիրներ կային, ես մինչև աշխատանքից տուն էի հասնում, 5 տեղ միայն ոստիկաններն էին կանգնեցնում: Սաակաշվիլիի գալուց հետո ամեն ինչ միանգամից փոխվեց: Օրենքի դաշտն էլ փոխվեց, բիզնեսի համար պայմանները միանգամից շատ հեշտացան: Հիմա գործարարությամբ զբաղվողը շատ նորմալ հարաբերությունների մեջ է պետության հետ: Իրենք են բազմաթիվ հարցերում օգնում, եթե իհարկե օրենքի սահմաններում ես աշխատում: Ես գոհ եմ: Հայաստանից վերջերս շատ գործարարներ են սկսել գալ-գնալ, նրանք բոլորն էլ դժգոհ են մեր այնտեղի օրենքներից: Ասում են, որ ճնշված են իրենց զգում, չեն կարողանում աշխատել: Այստեղ եթե համը չես հանում, օրենքից դուրս չես գալիս, չեն նեղացնում, հակառակը քեզ մի բան էլ օգնում են, նպաստում են բիզնեսիդ կայացմանը: Կոնկրետ ես երշիկ եմ արտադրում, որի վրա գրված է «Մանուկյան»: Այսինքն՝ գիտեն, որ հայ է արտադրողը, իսկ իրենք շատ են սիրում հայկական արտադրանքը: Գիտեն, որ մենք արտադրող, նախաձեռնող ժողովուրդ ենք:
– Ասացիք, որ Հայաստանից շատ գործարարներ են սկսել գալ ու գնալ, ընդհանրապես շա՞տ են վերջին տարիներին Վրաստանում հաստատված հայաստանցի գործարարները:
– Երբ ես 2000 թվականին եկա, այստեղ ոչ մի հայ չկար: Հետո, երբ օրենքները փոխվեցին Սաակաշվիլիի իշխանության գալով, աստիճանաբար սկսեցին շատանալ Հայաստանից եկող հայ բիզնեսմենները: Վրացիները շատ լավ են վերաբերվում հայ բիզնեսմեններին: Իհարկե բոլորի նկատմամբ էլ լավ են տրամադրված բայց կարծում եմ՝ հայերի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք կա: Նախորդ տարի Հայաստանի անկախության տոնի առիթով հավաքվեցինք հայ գործարարներով նախկին դեսպանի օգնությամբ, արդյունքում այժմ գրեթե բոլոր հայ գործարարներս իրար ճանաչում ենք: Նույնիսկ փորձեցինք հայ գործարարների միություն ստեղծել, դա չստացվեց, բայց կարևորն այն է, որ այսօր իրար ճանաչելով օգնում ենք միմյանց: Ամեն շաբաթ-կիրակի հավաքվում ենք հայկական եկեղեցում, օգնում ենք եկեղեցուն, հայկական դպրոցին: Կարծում եմ, որ հայ գործարարների թիվը Վրաստանում կշարունակի աճել, այստեղ առավելություններ շատ կան, ճանապարհ կա, արտադրանքը արտահանելու հնարավորություններ կան և այլն:
Զրուցեց՝ Հրայր Մանուկյանը
Թբիլիսի








































