«Սանիթեք» ընկերությունն այսօր ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու իրենց մտահոգությունները և նշելու այն պատճառները, որոնց արդյունքում ստեղծվել է աղբահանության հետ կապված իրադրությունը: Ասուլիսը, սակայն, տեսակապով էր: Պատճառաբանությունն այն էր, որ անվտանգության հետ կապված խնդիրներ ունեն և երաշխիքներ չունեն, որ իրենց նկատմամբ ոչ իրավաչափ հետապնդում չի իրականացվի: Ինչի՞ մասին է խոսքը:
«Առաջին լրատվական»-ի այս հարցին ի պատասխան՝ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նշեց, որ «Սանիթեքի» ներկայացուցիչները մշտապես հնարավորություն են ունեցել Երևանում իրենց խոսքը ասելու, ասուլիսներ տալու, և այսօր, երբ ընկերության ղեկավարը ներկայացրեց հիմքերը, որոնց պատճառով չէին ցանկանում Երևանում ասուլիս տալ, դրանք ավելին չէին, քան իրենց հայտարարության մեջ նշվածը: «Կա՞ն ՊԵԿ-ի հետ խնդիրներ՝ թող այդ խնդիրները ՊԵԿ-ի հետ պարզաբանեն, կա՞ն խնդիրներ քաղաքապետարանի հետ՝ թող իրավական հարթության վրա պարզեն»,- ասաց նա: «Այն, ինչ ներկայացվեց, կարծում եմ՝ հիմնավոր չէր և մեկ անգամ ևս ապացուցեց մեր այն հայտարարությունը, որ դա պարզապես կարող էր ազդել Երևանի հեղինակությանը, թե միջազգային ներդրողը խնդիրներ ունի այստեղ լսելի լինելու առումով»,- նշեց նա:
Կարծիք կա, որ «Սանիթեքի» այս պահվածքը նեգատիվ հաղորդագրություն անելու միտում ունի հետագայում ներդրումներ անել ցանկացողներին: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ «Լույս» խմբակցության անդամ Թեհմինե Վարդանյանն ասաց, որ «Սանիթեք» ընկերությունը իր ասուլիսում որևէ նոր բան չասաց: Նկատի ունենալով, որ մեր աղբավայրի վիճակը իսկապես անմխիթար է, և դրա մասին մենք վաղուց ենք խոսել, և 2014 թ. առաջ՝ ներդրում կատարելուց առաջ էլ է «Սանիթեքը» դա իմացել, կարծում եմ՝ այս պահին խնդիրը ընկերության կողմից աղբահանությունը ոչ պատշաճ իրականացնելն է:
Մանրամասները՝ տեսանյութում։








































