Սոցիալիստական քաղաքական կողմնորոշում ունեցող ուժերը Հայաստանի վատ տնտեսական վիճակի մեղավորը համարում են լիբերալ-ազատական քաղաքականություն որդեգրելը։ Այս մասին փաստարկներ բերվեցին և առաջարկներ արվեցին «Դեմոկրատական սոցիալիզմի համակարգի հաստատման հեռանկարը Հայաստանում» օրակարգով համաժողովի ընթացքում։
Ըստ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի՝ լիբերալ-ազատական քաղաքականության արդյունքում բոլոր պետությունները ունիֆիլացվելու և ազգայինից ազատվելու փորձեր արեցին. աղքատ պետությունները մնացին մեծ վարկերի բեռի տակ։ «Արդյունքում զարգացող երկրները այդպես էլ չզարգացան։ Սկսվեց ֆինանսատնտեսական ճգնաժամ, որի նոր ալիք էլ է լինելու»,- իր ելույթի խոսքում ասաց Արամ Սարգսյանը։
Ներկայացնելով պետական վարկերի զավեշտալի մի ցանկ՝ Արամ Սարգսյանը մատնանշեց, որ արդյունքում ամեն քաղաքացի կրում է 1100 ԱՄՆ դոլար պարտք, իսկ սովորական մարդիկ իրենց աշխատավարձի 87%-ը ծախսում են սննդի ու կոմունալ ծախսերի վրա։ «Մենք ունենք մտավոր հզոր ներուժ, և հարուստ ընդերք, ահա այդտեղ պետք է ներդրում կատարել»,- ասաց Արամ Սարգսյանը։
«Այո, հեղափոխություն ենք ուզում, բայց ոչ արյունալի, հեղափոխություն ենք ուզում մարդկանց գիտակցության մեջ, հեղափոխություն հանուն ստից, կեղծիքից ազատվելու և նրա համար, որ ներքին սոցիալական ու քաղաքական կայունությունը, բարոյահոգեբանական մթնոլորտը ամուր պատնեշ հանդիսանան արտաքին մարտահրավերներին պատասխանելիս, Արցախի միջազգային ճանաչումը ապահովելու համար»,- ասաց Արամ Սարգսյանը։
«Դեմոկրատական սոցիալիզմի համակարգի հաստատման հեռանկարը Հայաստանում» համագումարում ելույթ ունեցավ նաև Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության Կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը։ Ըստ նրա՝ Արցախին չպետք է մեղադրել Հայաստանի բոլոր խնդիրների համար, այլ դա պետք է լինի մեր հաջողությունների խաղաթուղթը։
Համաժողովին ներկա էին բազում հյուրեր, ներկայացուցիչներ ՀՅԴ, «Ժառանգություն» կուսակցություններից, ինչպես նաև Հանրային խորհրդի անդամներ։











































