Դուք թերթին չեք հաղթելու, հարգելի հայցվոր «Գլենդել Հիլզ», որովհետև պատասխանող ընկերության ունեցած-չունեցածը թերթն է, և լավագույն դեպքում, եթե հայցը բավարարվի, կարող ենք հենց հաջորդ նիստին թերթի չվաճառված համարների ամբողջ խմբաքանակը դնել թևի տակ՝ բերել, որ վաճառեք և 2.5 միլիոն գումարն էլ վերցնեք:
Այդ մասին հայտարարեց պատասխանող կողմի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը երեկվա՝ հուլիսի 8-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած «Գլենդել Հիլզ» ՓԲԸ-ն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի դատական նիստի ընթացքում: Պատասխանող կողմի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկեց վեճը տեղափոխել լրագրողական արբիտրաժային դատարան, քանի որ դատական ատյանում հայցվորն այս վեճը հաղթելու ոչ մի հեռանկար չունի: Խնդիրն օրենսդրության անկատարության մեջ է: Նա պատճառաբանեց, որ «Ժամանակ»-ի դեմ արդեն կա մեկ այլ դատական ակտ (Բելլա և Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի), որով բռնագանձվելիք գումարը՝ 3 մլն ավելի շատ է, քան պատասխանողի ունեցած միջոցները: Այն, իհարկե, բողոքարկվելու է, սակայն եթե օրինական ուժ ստացավ, պատասխանող «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ընկերության ունեցած չնչին միջոցները կբռնագանձվեն, ընկերությունը սնանկ կճանաչվի, դատարաններում, այլ մարմիններում առկա գումարային հայցերը, գործերը կկարճվեն, և «Գլենդել Հիլզին» գումար տալու, փոխհատուցելու բան չի մնա (եթե նույնիսկ հայցը բավարարվի) և հարցն ընդհանրապես արանքից դուրս կգա: Բայց թերթը կշարունակի իր գործունեությունը այլ ՍՊԸ-ի անվան տակ, որից հայցվորը բռնագանձելու իրավունք չի էլ ունենա: Եվ միակ բանը, որ հայցվորը կարող է ստանալ «Ժամանակ» օրաթերթից՝ «վոզվռատ»՝ չվաճառված և իրացնող կազմակերպություններ վերադարձված համարների խմբաքանակն է, որը կարող են իրացնել և գումարը ստանալ: Բացի դա, փաստաբանը նշեց, որ դատարանում գտնվող քաղ.գործից բացակայում է լրացուցիչ հայցը, որտեղ կողմը պետք է նշած լիներ իր գումարային պահանջի չափը: Իսկ հիմնական խնդիրը օրենքի անկատարության մեջ է: Հիշեցնենք, որ նախագահող դատավոր Ա.Սուքոյանը հետաձգել էր պատասխանող կողմի ներկայացուցիչ Ն.Բաղդասարյանի միջնորդությունը՝ գործի վարույթը կասեցնելու և ՀՀ քաղ.օրի 1087.1 հոդվածի 2-րդ, 3-րդ, 7-րդ, 8-րդ և 11-րդ մասերը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով Սահմանադրական դատարան դիմելու վերաբերյալ:
Նախնական դատական նիստի ժամանակ հայցվորի ներկայացուցիչ Անահիտ Սարդարյանը դատարանին ներկայացրեց ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Օվսյանի որոշման պատճենը, որով մերժվել էր քրեական գործի հարուցումը «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն Արման Բաբաջանյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով: Հիշեցնենք, որ Ա. Բաբաջանյանը դիմել էր քննչական մարմնին, որպեսզի պարզեն, թե «ժամանակ»-ի խնդրո առարկա հրապարակման մեջ նշված փաստերով, ըստ որոնց «Գլենդել Հիլզի» Գյումրու «Մուշ-2» թաղամասում կառուցված շենքերից մեկում տեղի ունեցած փլուզման, քանդման փաստով քրգործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ, քանի որ համենայնդեպս առկա է եղել անորակ շինարարության կասկած (այլապես այն չէր քանդվի), որը քրեորեն պատժելի արարք է: Սակայն ի վերջո որոշվել է քրեական գործի հարուցումը մերժել, քրեական հետապնդում չիրականացնել՝ հանցադեպի բացակայության պատճառով: Ներկայացրեց դատարանին որոշման պատճենը: Այստեղ հետաքրքիրն այն է, որ քննիչը օրենքի խախտում է թույլ տվել. ըստ Նիկոլայ Բաղդասարյանի՝ նա իրավունք չուներ «Գլենդել Հիլզին» ուղարկել որոշման բնօրինակը, քանի որ ոչ թե այդ ընկերությունն էր դիմել քննչական մարմնին, այլ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն. «…Դա այլ թեմա է, բայց ինչո՞ւ է այս փաստաթուղթը տրամադրվել «Գլենդել Հիլզին», եթե օրենքով քննիչը իրավունք չուներ նման փաստաթուղթը տրամադրեր «Գլենդել Հիլզին»: Հասարակ քաղաքացիները չեն կարողանում նման փաստաթղթեր ստանալ, քանի որ իրենք կողմ չեն հանդիսանում, ինչո՞ւ է քննիչը դիմող կողմ չհանդիսացող անձին տրամադրել նման փաստաթուղթ: Սա արդեն իսկ վկայում է Շիրակի մարզի համապատասխան քննչական բաժնի աշխատակցի՝ քննիչի անօրինականության մասին, որովհետև նա կատարել է մի բան, որով օրենքով լիազորված չէ»,-հայտարարեց պատասխանողի ներկայացուցիչը: Նա հաջորդ հայտարարությամբ մանրամասնեց հաշտության համաձայնության նպատակահարմարությունը. «Տեսականորեն էլ այս դատավարությունը հնարավոր չի հաղթել, և դա պայմանավորված է օրենսդրության անկատարությամբ, և ոչ մի դեպքում չեմ գնահատում դա մյուս կողմի ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունք, այլ օրենսդրությունը այնպես անկատար է կառուցված, որ նմանատիպ դատավարությունները Հայաստանում հաղթել հնարավոր չի, որովհետև թերթը ցանկացած դեպքում եթե «մինուսով» է աշխատում, այսինքն՝ եկամտաբեր չէ, դուք գանձելու բան չունեք։ Դուք կարող եք ուղղակի նախկին թերթերը ստանալ։ Ուրիշ բան մեզնից ստանալ չեք կարող, և հիմնադիրը առաջարկություն է անում ձեզ և ձեր ներկայացուցիչներին, որպեսզի կնքվի հաշտության համաձայնություն, կամ








































