Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը թեժ աշուն է խոստանում: Նա ամեն կերպ փորձում է շեշտադրել նոր կառավարող թիմի մերկ պոպուլիզմն ու կառավարման անկարողությունը, այդ ամենին հակադրելով իր թվացյալ պրոֆեսիոնալիզմն ու երևակայական նվաճումները: Փորձենք հասկանալ, թե ինչ նվաճումներ է ժամանակին արձանագրել Քոչարյանական ռեժիմը։
Դառնալով նախագահ՝ նա Ղարաբաղը դուրս մղեց բանակցություններից՝ կարծելով թե ինքը կարող է բանակցել և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի անունից: Սա պարզապես մեծագույն նվեր էր Ադրբեջանին, և Հայաստանի մեծագույն պարտությունը:
Քոչարյանը Հայաստանի միակ ղեկավարն է, որը բանակցել է «Ընդհանուր պետություն» փաթեթային ծրագրի շուրջ։ Այսինքն՝ ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի համաձայն՝ ԼՂ-ն ու Ադրբեջանը պետք է ձևավորեին մեկ ընդհանուր պետություն։ Նշենք, որ հիմա հենց այս նույն մահացու մեղքի մեջ Փաշինյանին մեղադրում են Քոչարյանի վարձու կողմնակիցները։ Պատկերացնո՞ւմ եք Ղարաբաղն ու Ադրբեջանը մեկ պետության կազմում:
Եկանք հասանք Քի Վեսթին, երբ ՀՀ երկրորդ նախագահը համաձայնել էր Մեղրին փոխանակել Լաչինի հետ։ Պատկերացնո՞ւմ եք Հայաստանն առանց Իրանի հետ կապի ու, ընդհանրապես, առանց Մեղրու շրջանի։ Կարգավորման այս վերջին պլանի քննարկումներին մասնակցելն արդեն իսկ պետք է բավական լիներ, որպեսզի Քոչարյանը քաղաքական դիակ դառնար։
Փաստորեն պետք է փաստենք, որ ղարաբաղյան հիմնախնդրում Հայաստանի բոլոր չորս ղեկավարներից ամենապարտվողական կեցվածքն ունեցել է հենց Ռոբերտ Քոչարյանը։ Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի և ո՛չ էլ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանում Ղարաբաղի և Հայաստանի շուրջ այդքան վտանգավոր տեղաշարժեր չեն արձանագրվել, որքան՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք։
Թերևս այսքանը բավարար է պատկերացում կազմելու անհաղթ նախագահի կամ, ինչպես ինքն է իրեն անվանում, միակ տղամարդու կառավարման տարիների մասին: Իհարկե, եթե անհրաժեշտություն լինի, կարող ենք խոսել նաև քաղաքական սպանությունների և արհեստական երկնիշ աճի մասին, որը տնտեսական ճգնաժամի առաջին իսկ հարվածից պարզապես փոշիացավ:
Իրականում ոչ մի թեժ աշուն էլ չի կարող լինել, պարզապես նախկին նախագահը ոչ մի կերպ չի համակերպվում, որ ինքը քաղաքական դիակ է ու ավարտված պատմություն:








































