«Էդ հարցը կարող եք համարել լուծված: Էդ հարց չի: Եթե դիմել եք, ուրեմն իմացեք, որ Ծառուկյանը կարգավորել է, հանձնարարել եմ: Հենց դուրս գաք, այդ հարցը կարգավորված կլինի»,- անհատ տաքսիստների հետ հանդիպման ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանը:
Մինչ այդ էլ տաքսիստները նամակով էին դիմել Ծառուկյանին՝ դժգոհելով իրենց հարցի հետ կապված կառավարության անգործությունից: «Այս ընթացքում հանդիպել ենք նաև կառավարության անդամների և անձամբ նախարարի հետ, սակայն նրանց խոստումները արդեն շուրջ մեկ տարի իրականություն չեն դառնում: Կառավարությունից մեզ վստահեցրին, որ ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում խնդիրը լուծում կստանա, և օրենքը կբարեփոխվի, սակայն դրանք այդպես էլ մնացին խոստումներ. նոր օրենքը գոյություն չունի, իսկ հին օրենքը չի գործում»,- դժգոհել էին նրանք:
Իսկ մինչ այդ հիշեցնենք. տաքսիստները մի քանի ամիս շարունակ բողոքի ակցիաներ էին անցկացնում կառավարության դիմաց՝ բարձրաձայնելով իրեց խնդրի մասին: Մասնավորապես, նրանք պահանջում էին իրենց ոլորտը ստվերից բերել օրինական դաշտ և հարցը կարգավորել օրենքի դաշտում:
«Առաջին լրատվական»-ը տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ կառավարության տիրույթում գտնվող հարցին լուծում է տալիս ոչ կառավարության ներկայացուցիչ ԲՀԿ առաջնորդը՝ մի բան էլ հայտարարելով, որ դա հարց չի:
Ամո՞թ չի դա իրենց՝ նախարարության համար՝ դիտարկմանը նախարարը պատասխանեց. «Տաքսիստների բոլոր խնդիրները եղել և մնում են կառավարության լուծման տիրույթում, իսկ կողքից մնացածը անում են բարեգործություն: Եթե ուշադիր հետևեք հանդիպմանը, ապա դա ձեզ համար ևս լրիվ պարզ կլինի: Դա բարեգործություն է, ոչ թե խնդիրների լուծում»:
Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հրաժարվեց մանրամասնել և պատասխանել որևէ այլ հարցի:










































