ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը մարտի 24-ին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ հակադարձեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի դիտարկումներին, թե Հայաստանում այս «ռեֆորմների» 70 տոկոս եկամուտը գնում է «բոլորիս հայտնի մասնավոր անձի գրպանը», «որոշակի ագահ անձի գրպանը», որը տարեկան 6-8 հազար եվրո է աշխատում, նշելով, որ երբ ԲՀԿ խմբակցության պատգամավորն այդ միտքը հնչեցնում էր, իր մեջ հարց էր ծագում՝ այդ ո՞ր մասնավոր անձի մասին է խոսքը: «Նման մասնավորը Երևանի մերձակայքում գործող մեկ կազինոն է, ոը վեցից ութ մլն եվրո շահույթ է ստանում, ստանում է՝ ի օգուտ նրա, որ ձեր ֆրակցիան քվեարկեց դրա օգտին, ձեր կողմից սահմանված խաղի կանոնների արդյունքում և՝ այո, համաձայն եմ՝ ագահությունը պետք է չափ ու սահման ունենա»,- ասաց նա՝ ըստ էության նկատի ունենալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին (ԲՀԿ առաջնորդի խաղատնային բիզնեսները որևէ մեկի համար գաղտնիք չեն):
Նախարարն անարձագանք չթողեց նաև ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հայտարարությունը, թե՝ կառավարությունը սոցիալական բունտ է ստեղծում՝ նման օրենքներ ընդունելով: Սարգսյանն ընդգծեց՝ սոցիալական բունտին կառավարությունը չի նպաստում, այլ հենց իրենք՝ ընդդիմադիրները: Նախարարի խոսքով՝ եթե իշխանությունը վատ է աշխատում, ինչպես ընդդիմադիրներն են ասում, ապա մարդիկ պետք է տեսնեն նաև շատ պայծառ այլընտրանք՝ նոր փիլիսոփայությամբ, նոր ասելիքներով, մինչդեռ մարդիկ այդ այլընտրանքը չեն տեսնում և հուսահատվում են:
Նախարարի խոսքով՝ քաղաքական ուժերը քաղաքացիական նախաձեռնությունների քողի տակ են հավաքներ անցկացնում: Կառավարությանն անվստահություն հայտնելու հարցին անդրադառնալով՝ նախարարը նշեց, որ ժողովուրդը վստահություն չունի այլընտանքի, ընդդիմության և այլ մարդկանց հանդեպ, ավելին՝ համոզմունք հայտնեց, որ իրենք էլ են դա հասկացել: «Արդյունքում՝ քաղաքական ուժերը քաղաքական հանրահավաքներ են հրավիրում քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների քողի տակ, որովհետև դուք էլ եք հասկացել, որ վերջիվերջո ոչ ոք չի հավատում նաև ձեզ»,- ասաց նա՝ հավելելով, որ հարց է առաջանում նաև՝ ինչո՞ւ են նույն ուժերը հանձնաժողովի քննարկման համար ներկայացրել իրար հետ կապ ունեցող կամ չունեցող հարցեր և ինչո՞ւ չեն առաջարկում քննարկել իր նշած այդ հարցը, քանի որ նույն տրամաբանությամբ կարելի էր մեղադրել, որ կառավարության բերած նախաձեռնության արդյունքում է փոքր բիզնեսը ոչնչանում, աշխատատեղեր են փակվում:
«Չէ՞ որ սա էլ կարող էր քննարկման առիթ հանդիսանալ, իսկ ԱԺ-ն քննարկման լավ հարթակ կհանդիսանար։ Պատասխանը միանշանակ է բոլորի համար և հասկանալի, որովհետև սա նաև ձեզ է վերաբերում, ոչ միայն կառավարությանը։ Այստեղից բխում է ևս մեկ հետևություն՝ ինչի՞ համար է սա արվում. քաղաքական սիրուն բեմադրություն է, այս հարցի պատասխանը թողնում եմ ձեզ»,- ասաց նա՝ նշելով, որ այս հարցերի արդյունքում է ակնհայտ դառնում՝ ընդդիմադիր պատգամավորների ասած սոցիալական բունտին կառավարությունը չի նպաստում, այլ հիմնականում հենց ոչիշխանական այս ուժերը։












































