«Հեղափոխության էյֆորիայի ալիքից հետո մենք կանգնել ենք երկրի առջև ծառացած բազմաթիվ խնդիրների առաջ, որոնց մեջ, ի դեպ, լիքը պատասխանատվություն ունեն նախկին իշխանությունները: Այդ ամբողջ դժվարությունների ծավալը երևում է նաև Սփյուռքում՝ Սփյուռքը ևս հասկանում է, որ Հայաստանում խնդիրները մեկ օրում չեն լուծվի, այլ դա պետք է լինի երկարատև աշխատանքի արդյունք: Այժմ նրանք էլ տեսնում են, որ մոխրագույնները, խնդիրները շատ են, ուստի ոգևորության ալիքը հիմա համապատասխանում է երկրում իրավիճակի իսկական պատկերին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, հրապարակախոս Րաֆֆի Դուդակլյանը:
Ինչ վերաբերում է ներդրումներին, մեր զրուցակիցը նկատեց, որ ցանկացած ներդրող մտածում է իր շահույթի մասին: «Եթե ներդրողները շահույթ ունենալու նախադրյալները տեսնեն, կգան: Սակայն մենք ունենք խնդիրներ՝ ճանապարհների խնդիր դեպի արտաքին աշխարհ, միջազգային շուկա հասնելու խնդիր և այլն»,- ասաց նա և հավելեց, որ, օրինակ, IT ոլորտում, գինու արտադրության մեջ ներդրումները շարունակվում են:
Նրա խոսքով՝ ներդրումների ներգրավման համար պետք է կատարվեն փոփոխություններ. «Պետք է հստակեցվեն այն ոլորտները, որոնցում մարդիկ կարող են շահույթ ստանալ: Ներդրումների համար գրավիչ միջավայր ստեղծելու համար պետք է ոչ միայն պայքարել կոռուպցիայի դեմ, այլև ամբողջովին վերացնել կոռուպցիան, պետք է կատարել օրենսդրական փոփոխություններ: Կարծում եմ՝ այդ ուղղությամբ բավականին աշխատանքներ կատարվում են, տեսնենք՝ ուր կհասնեն»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:






































