Քրեակատարողական հիմնարկներում անցած տարվա ընթացքում բազմաթիվ բացթողումներ արձանագրվեցին ԱԱԾ-ի կողմից, այդ թվում նաև այն, որ որոշ դատապարտյալներ արտոնյալ կարգավիճակ ունեն: Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը, վստահեցրեց, որ պայքարի ուղղությունները նախանշված են, և այս ամենի դեմ պայքարը նախարարության գերակա ուղղություններից է:
«Ոլորտը շատ մեծ է, խնդիրները՝ բարդ, ամեն ինչ արվում է գործող մեխանիզմներ գտնելու ուղղությամբ, մշակվում են Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարության նախագիծը և գործողությունների ծրագիրը, առաջին հերթին նախատեսվում է վերանայել Քրեական օրենսգիրքը:
Արդեն երկու անգամ շրջանառվել է հանցավոր ենթամշակույթի հետ կապված ՔՕ-ում նոր հոդված ներմուծելու նախագիծը, որն այժմ գտնվում է լրամշակման փուլում, այն կներկայացվի ԱԺ: Կատարվում են մշտադիտարկումներ, մոտ ապագայում առավել հանգամանալից ուսումնասիրություն է ակնկալվում: Կատարվում է խնդիրների արձանագրում»,- նշեց Ս. Գալյանը:
Փոխնախարարի խոսքով՝ մի մեծ քայլ է կատարվել. «Պատժողական քաղաքականությունից անցում է կատարվել դեպի վերասոցիալականացման քաղաքականություն, և դրանով պայմանավորված՝ մի շարք միջոցառումներ են իրականացվելու: Խնդիրները հաղթահարելու համար նախևառաջ անհրաժշտ է վերանայել դատապարտյալների պատժի կրման պայմանները, նախատեսվում է ՔԿՀ-ների համար նոր վարչական շենքերի կառուցում»:
Ս. Գալյանը նաև հավելեց, որ աշխատանքներ են իրականացվում այն ուղղությամբ, որ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքում ազատությունից զրկվելու հետ կապված պատժատեսակներ չնշանակվեն. «Այսօր ունենք պրոբացիայի գործող ծառայությունը, այլ հարց է ծառայության գործունեության գնահատումը, որը ևս նախատեսվում է իրականացնել»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































