ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը համոզված է՝ ՀՀԿ խմբակցությունը շատ կուռ է, որևէ բեկոր չի կարող պոկվել, ուստի ԱԺ ոչ իշխանական ուժերի հույսերը՝ կապված ՀՀԿ խմբակցությունից «բեկորներ պոկվելու», «առնետավազք» սկսվելու հետ, անհիմն են: Մարտի 24-ին լրագրողների հետ ճեպազրույցում Աբրահամյանը նշեց, որ չի կարծում՝ նման բան կլինի:
Այդուհանդերձ, ԱԺ նախագահը կարծում է՝ քանի դեռ կան մտահոգություններ, պարտավոր են նստել և քննարկել: Լրագրողները հետաքրքրվեցին՝ «հրաշալի քառյակ»-ի՝ Կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը կիրականանա՞ արդյոք, ի պատասխան՝ ԱԺ նախագահը նշեց. «Ամեն դեպքում, մեզ համար ընդունելի է այն ձևաչափը, որ եթե կան մտահոգություններ, ուրեն ԱԺ-ն այն ամբիոնն է, որտեղ պետք է բացատրություն պահանջվի, ներկայացվի հանրությանը, անկախ նրանից՝ նախաձեռնողը հրաշալի է, թե հրաշալի չէ»:
Հ. Աբրահամյանը նաև տեղեկացրեց՝ ոչ իշխանական ուժերի կողմից դեռևս առաջարկ չի ստացել հարցը քննարկելու, ուստի նախընտրում է սպասել՝ մինչև առաջարկը, իսկ մինչ այդ չի պատրաստվում գնահատական տալ մի նախաձեռնության, մի հարցի, որ չկա օրակարգում: Աբրահամյանը նշեց, որ Կառավարությունն իրենք են ձևավորել, իրենք էլ վստահում են: Հարցին՝ արդյոք հանրությունը վստահում է Կառավարությանը, վերջինս արձագանքեց. «Դե, ես հարցում չեմ անցկացրել, եթե դուք անցկացրե՞լ եք… », իսկ թե՝ հնարավո՞ր է, որ ինչ-որ պահի ԲՀԿ-ն պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, ԱԺ նախագահը պատասխանեց. «Իմ կարծիքով՝ ոչ», իսկ թե ինչու՝ նա չմանրամասնեց:
Անդրադառնալով Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին, պատասխանելով հարցին՝ հնարավոր է արդյոք հետ կանգնեն այս փոփոխության մտքից, քանի որ հարցը մտահոգում է քաղաքացիներին՝ Աբրահամյանը նշեց, որ յուրաքանչյուր մտահոգություն հասարակության մեջ իրենք պարտավոր են քննարկել, սակայն միշտ չէ, որ տեղեկատվությունը ռեալ հասկանում է հանրությունը: «Պետք է շատ քննարկումներ կազմակերպենք ու ներկայացնենք այն բարեփոխումները, որ իրականացնում ենք: Մենք գտնում ենք, որ կան թերություններ, ու օրենսդրական փոփոխություն կլինի, բայց չի լինի ճնշման միջոցով արվի, այլ քննարկման: Պատրաստ ենք քննարկել»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:






































