«Ազատություն», «Ազգային օրակարգ», «Երկիր ծիրանի», Հայաստանի դեմոկրատական, Հ. Յ. Դաշնակցություն, «Մեկ Հայաստան», Ռամկավար Ազատական կուսակցությունները Հայաստանում դատարանների շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Այս ուժերը իշխանություններին մեղադրում են դատական համակարգի յուրացման փորձի մեջ:
Այս առնչությամբ հանրային հարաբերությունների մասնագետ Արամազդ Խալամքարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ չարժի այդ հայտարարությանը լրացուցիչ կշիռ տալ. «Ցանկացած հայտարարություն չէ, որ արժի լրջությամբ վերլուծել և խորանալ: Նշված կուսակցությունների ցանկը ինքնին խոսուն է: Ես ամենևին ցանկություն չունեմ լրացուցիչ կշիռ հաղորդելու այդ տեքստին»:
Նրա խոսքով՝ թվարկված կուսակցությունների մի մասը մարդ-կուսակցություններ են. «Այդտեղ տարբերվում է Դաշնակցությունը, բայց վերջին ընտրություններով տեսանք, թե Դաշնակցությունն ինչքան էլեկտորատ ուներ: Ի՞նչ կոնսոլիդացիայի մասին է խոսքը. մենք ձեր խմբագրության աշխատակազմով որ հավաքվենք, գուցե ավելի շատ մարդ լինենք, քան այդ կուսակցությունները»:
«Այս կուսակցությունները, որպես ընդդիմադիր, փորձում են կոնսոլիդացվել, դա իրենց ֆունկցիան է: Այլ հարց է բովանդակությունը. լավ կլիներ նրանք ավելի օբյեկտիվ գնահատական տային, որպեսզի նաև մարդկանց սրտերն ու ուղեղները գրավեին և կարողանային ավելի արդյունավետ իրականացնել իշխանության վերահսկողությունը»,- նկատեց սոցիոլոգ Արտակ Սաղաթելյանը:
Նա այս բովանդակությամբ տեքստը գնահատեց շատ միակողմանի, սուր և ինչ-որ առումով՝ ոչ օբյեկտիվ. «Հետաքրքիր է՝ նրանց այս կոնսոլիդացիան որքա՞ն կյանք կունենա՝ կսահմանափակվեն միայն այս հայտարարությա՞մբ, թե՞ հետագա քայլեր ևս կանեն»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:











































