Նրանք կրկին բախվելու են միմյանց: Ավելի քան 1 դարի պատմություն ունեցող հակամարտության պատմության գրքում այսօր գրվելու է հերթական էջը. հանիպելու են «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն: Միլիոնավոր երկրպագուներ սրտատրոփ սպասում են «Սանտիագո Բեռնաբեո»-ում կայանալիք ֆուտբոլային ներկայացմանը: Խաղ, որը վերածվելու է իսկական ճակատամարտի. ֆուտբոլային տարբեր փիլիսոփայություններ, տարբեր մշակույթներ, տարբեր մոտեցումներ ու խաղաոճեր, տարբեր կատարողներ… Բախվելու են թիմեր, որոնք ունեն գունեղ ու հարուստ պատմություն, ունեն և ունեցել են լեգենդար ֆուտբոլիստներ, երկրպագուների բազմամիլիոնանոց բանակ: Հանդիպման մեկնարկն ազդարարող սուլիչի ձայնի հնչելուն պես կմեկնարկի տիտանների դիմակայությունը, կմոռացվեն բոլոր աղյուսակները, բոլոր կորուստները, կմոռացվի ամեն ինչ ու ժամանակը կարծես մի պահ կանգ կառնի… կմեկնարկի «էլ կլասիկո»-ն:
«Կլասիկո»-ի մթնոլորտը, սկզբունքայնությունն ու օրենքները միշտ տարբերվում են մրցաշարի այլ խաղերի օրենքներից, որի շրջանակներում խաղում են «Ռեալ»-ն ու «Բարսելոնա»-ն: Լինի դա Չեմպիոնների լիգան, Լա Լիգան, թե Իսպանիայի գավաթը: Ու ամեն անգամ «կլասիկո»-ն մատուցում է անակնկալներ` հաճելի թե տհաճ, հաստատում կամ հերքում կարծիքներ, կանխատեսումներ: Անկախ ամեն ինչից, թիմերը, մշտապես ձգտում են արժանպատիվ ֆուտբոլ ցուցադրել ու ապացուցել, որ իրենք չէին զիջում ամենասկզբունքային հակառակորդին: «Բարսելոնա»-ի վրա ճնշումն ավելի մեծ է, քանի որ 28 տուրերից հետո նրանք «Արքայական ակումբ»-ին զիջում են 4 միավորով: Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին դիմակայությունում հաղթեց «Բարսա»-ն` 2:1 հաշվով, բայց դա «Ռեալ»-ի վերջին պարտությունն է առաջնությունում առ այսօր, իսկ կատալոնացիները մի քանի անգամ սայթաքել են այդ հաղթանակից հետո: «Բարսա»-ին զիջելուց հետո Անչելոտիի թիմն ավելի ու ավելի մեծ արագություն զարգացրեց, իսկ Մարտինոյի կատարած աշխատանքի նկատմամբ բազմաթիվ հարցեր առաջացան: Այնուամենայնիվ, թիմերն անզիջում պայքար են մղելու հաղթանակի համար, քանի որ «կլասիկո»-ում հաղթանակն ավելին է, քան ուղղակի 3 միավորը:
Կարծիքներ
Խերարդո Մարտինո. « «Կլասիկո»-ն մեր վերջին հնարավորությունն է: Այս տուրից հետո կմնա ընդմանեը 9 խաղ: 1 միավորի տարբերությունը չեզոքացնելը նույն գործը չէ, ինչ 4 կամ 7 միավորի դեպքում: Անհրաժեշտ է վերահսկել գնդակի տեղաշարժն ու «Ռեալ»-ին տարածություն չտալ հակագրոհելու համար: Պետք է կարողանանք կասեցնել նաև Քրիշտիանու Ռոնալդուին»,- Մարտինոյի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Կարլո Անչելոտի. «Ճնշում կա թե´ «Ռեալ»-ի, թե´ «Բարսելոնա»-ի վրա: Ցանկանում ենք ցուցադրել այնպիսի ֆուտբոլ, որը կընդգծի մեր լավագույն որակները: Մենք չենք մտածում ոչ-ոքիի մասին, քանի փոքր առավելություն ունենք` խաղալու ենք սեփական հարկի տակ: Կանենք հնարավորը հաղթելու համար: Ընդհանուր առմամբ` թիմը պատրաստ է խաղին»,- Անչելոտիի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Լիոնել Մեսսի. «Ցանականում ենք առավելության հասնել «Ռեալ»-ի նկատմամբ և վերադառնալ չեմպիոնական մրցավազք: Հուսով ենք, որ լավ արդյունքի կհասնենք: Բնականաբար, «Արքայական ակումբ»-ի դեմ խաղը շատ բարդ կլինի: Մանավանդ, որ հյուրընկալվելու ենք, իսկ «Ռեալ»-ն էլ մեծագույն թիմ է: Դժվար կլինի, բայց ամեն ինչ մեզնից է կախված»,- ասել է Մեսսին` Mundo Deportivo-ի հետ զրույցում:
Սերխիո Ռամոս. « «Կլասիկո»-ն շատ կարևոր է, ոչ-ոքին բավական չի լինի: Մենք պարտավոր ենք հաղթել սեփական հարկի տակ: Սակայն հաղթանակը մեզ չեմպիոնի տիտղոս չի պարգևի: Վախենու՞մ եմ արդյոք Մեսսիից: Երբեք չեմ վախեցել մրցակիցներից: Այդպես է նաև այս անգամ: Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Ռոնալդուն է, հետո նոր` Մեսսին: «Բարսելոնա»-ն շատ հզոր թիմ է և նրա գերազանց խաղը պայմանավորված չէ միայն Մեսսիով»,- Ռամոսի խոսքերը փոխանցում է AS-ը:
Անդրես Ինյեստա. «Մենք միշտ պետք է մեր լավագույն ֆուտբոլը ցուցադրենք «Սանտիագո Բեռնաբեո»-ում, բայց այս անգամ մեզնից պահանջվում է ավելին, քան այլ պայմաններում: Մենք առաջատարին չենք զիջում 20 միավորով. դեռ կարող ենք շրջանցել «Ռեալ»-ին: Դա այնքան էլ դժվար չէ»,- Ինյեստայի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:
Գարեթ Բեյլ. «Մեկնարկում է մրցաշրջանի ամենապատասխանատու պահը, երբ կարող ես հաղթել կամ պատրտվել ցանկացած մրցաշարում: «Բարսելոնա»-ի դեմ առաջիկա խաղին կմոտենանք որպես հերթական հաջորդ հանդիպմանը: Կփորձենք նախապատրաստվել համապատասխան կերպով և հասնել ցանկալի արդյունքի: «Բարսա»-ն հզոր հակառակորդ է, բայց մենք փորձելու ենք վաստակել հերթական 3 միավորը»,- գրում է El Pais-ը:
Կազմեր
«Բարսելոնա»-ի կազմում վնասվածքներ ունեն Կարլես Պույոլն ու Իսաակ Կուենկան, իսկ «Ռեալ»-ի կազմում` Սամի Խեդիրան, Ալվարո Արբելոան ու Խեսեն: Վնասվածք ուներ նաև Կարիմ Բենզեման, բայց նա ապաքինվել է և կարող է մասնակցել առաջիկա խաղին: Թիմերի հավանական մեկնարկային կազմերը հետևյալն են`

Ռմբարկուներ
«Բարսելոնա» – «Ռեալ» խաղերում ամենաշատ գոլերը հեղինակել են «Արքայական ակումբի» նախկին ֆուտբոլիստ, «Ռեալ»-ի պատվավոր նախագահ Ալֆրեդո դի Ստեֆանոն և նրա հայրենակից Լիոնել Մեսսին՝ դառնալով 18-ական գոլի հեղինակ: Լավագույն եռյակը եզրափակում է Ռաուլը՝ 15 գոլով: Քրիշտիանու Ռոնալդուն իր ակտիվում ունի «կլասիկո»-ներում խփած 12 գոլ:
Մեսսի vs Ռոնալդու
Թե’ Մեսսին, թե’ Ռոնալդուն դիմակայությանը մոտեցել են բարձր տրամադրությամբ: 28-րդ տուրում արգենտինացին հեթ-տրիկ ձևակերպեց «Օսասունա»-ի հետ խաղում ու 371 գոլերով դարձավ իր ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկուն, իսկ Ռոնալդուն խփեց իր 25-րդ գոլն ու դարձավ Լա լիգայի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով 5 մրցաշրջան անընդմեջ առնվազն 25 գոլ է խփել:
Լիոնել Մեսսին «Ռեալ»-ի դեմ 26 խաղերում 18 գոլ է խփել: Մեսսին 11 գոլ խփել է Լա Լիգայում, 2 գոլ՝ Չեմպիոնների Լիգայում և 5 գոլ՝ Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունում:
Ռոնալդուն «Բարսելոնա»-ի դեմ 20 խաղերում խփած գնդակով աչքի է ընկել 12 անգամ: Քրիշտիանուն 4 գոլ խփել է Լա Լիգայում, 5 գոլ՝ Իսպանիայի Արքայի գավաթի խաղարկությունում և 3 գոլ՝ Իսպանիայի սուպերգավաթի խաղարկությունում:

Իսկ դուք գիտե՞ք, որ…
- Ջերմաստիճանը Մադրիդում այս պահին 0-ից բարձր է 10 աստիճանով, օդի խոնավությունը` 45%, եղանակը` կայուն, անձրևի հավանականությունը գրեթե հավասար է զրոյի
- «Ռեալ»-ն Իսպանիայի առաջնությունում կայացած «կլասիկո»-ներում հաղթել է 51, պարտվել` 17 անգամ: 15 խաղ ավարտվել է ոչ-ոքի
- Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ռեալ»-ը սեփական հարկի տակ 12 հաղթանակ ունի, 1 ոչ-ոքի և 1 պարտություն («Ատլետիկո»)-ից` 42:10 խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությամբ:
- Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնա»-ն արտագնա խաղերում 8 հաղթանակ է տոնել, 3-ական անգամ պարտվել ու ոչ-ոքի խաղացել` 82:12 գոլերի տարբերությամբ:
- Յուրաքանչյուր հաջորդ գոլը խփելու համար «Բարսելոնա»-ն կատարում է 5.6, իսկ «Ռեալ»-ը` 6.8 հարված:
- «Բարսելոնա»-ն վերջին անգամ «Սանտիագո Բեռնաբեո»-ում գոլ չի խփել 2006թ. հոկտեմբերի 22-ին
- Գոլ խփելու դեպքում Մեսսին կդառնա «կլասիկո»-ների պատմության մեջ լավագույն ռմբարկուն: Այժմ Մեսսիի և Դի Ստեֆանոյի ակտիվում կա 18-ական գոլ
- Վիկտոր Վալդեսն ամենաշատ գոլերն արտագնա խաղերում բաց է թողել «Սանտիագո Բեռնաբեո»-ում` 17 գոլ
- Ռոնալդուն գոլ է խփել վերջին 7 խաղերում: Նրա անձնական ռեկորդը բաղկացած է եղել 8 արդյունավետ խաղերից (2013թ.)
«Բարսա»-ից «Ռեալ» և հակառակը
Ֆուտբոլիստներ, որոնք հանդես են եկել երկու ակումբների կազմերում՝ Ալֆոնսո Ալբենիս, Լուչիանո Լիզարեգա, Չարլս Ուելաս, Խոսե Քուիրենտե, Ալֆոնսո Ալբենիս, Արսենյո Կոմամալա, Վալտեր Ռոսիցկի, Ռիկարդո Զամորա, Խոսեպ Սամիտիեր, Հիլարիո, Ալֆոնսո Նավարո, Հուստո Տեյադա, Խեսուս Մարիա Պերեդա, Էվարիստո դե Մակեդո, Ֆերնանդ Գոյվայերտս, Լուսիեն Մյուլլեր, Լորենցո Ամադոր, Բերնդ Շուստեր, Լուիս Միլլա, Ջեորջե Հագի, Նանդո Մունոս, Ժուլիեն Լոպետեգու, Միքայել Լաուդրուպ, Ռոբերտ Պրոսինեցկի, Միքայել Սոլեր, Լուիս Էնրիկե, Դանիել Գարսիա Լարա, Լուիշ Ֆիգու, Ալբերտ Սելադես, Ալֆոնսո Պերես, Ռոնալդո, Սամուել Էտո´Օ, Սավիոլա:
Հանդիպումներ, որոնք ավարտվել են 5 և ավելի գոլի տարբերությամբ
1943 թվականի հունիսի 13՝ «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա»՝ 11:1
1935 թվականի փետրվարի 3՝ «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա»՝ 8:2
1949 թվականի սեպտեմբերի 18՝ «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա»՝ 6:1
1950 թվականի սեպտեմբերի 24՝ «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ»՝ 7:2
1953 թվականի հոկտեմբերի 25՝ «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա»՝ 5:0
1934 թվականի ապրիլի 21՝ «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ»՝ 5:0
1945 թվականի մարտի 23՝ «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ»՝ 5:0
1974 թվականի փետրվարի 17՝ «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա»՝ 0:5
1994 թվականի հունվարի 8՝ «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ»՝ 5:0
1995 թվականի հունվարի 7՝ «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա»՝ 5:0
2010 թվականի նոյեմբերի 29՝ «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ»՝ 5:0
Իսկ ահա 1916 թվականի ապրիլի 13-ին ու 1943 թվականի հունվարի 10-ին գրանցվել են ամենախոշոր հաշվով ոչ-ոքիները՝ 6:6 և 5:5 հաշիվներով համապատասխանաբար:
Ֆուտբոլիստներ, որոնք «Ռեալ» – «Բարսելոնա» խաղերում դարձել են պոկերի հեղինակ
1926 թվականի ապրիլի 18-ին «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Խոսեպ Սամիտիերը դարձավ 4 գոլի հեղինակ, իսկ խաղն ավարտվեց 5:1 հօգուտ կատալոնական ակումբին: 1935 թվականի փետրվարի 3-ին «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Սանուտո Գարսիան կարողացավ չորս գոլ խփել «Բարսելոնա»-ի դարպասը: Այդ հանդիպումն ավարտվեց 8:2 հօգուտ «Արքայական ակումբ»-ի: Նույն՝ 1935 թվականի փետրվարի 21-ին, կատալոնական «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Մարտի Վենտոլրան ևս դարձավ չորս գոլի հեղինակ: Այդ հանդիպումն ավարտվեց 5:0 հաշվով՝ «Բարսա»-ի օգտին: Մեկ ֆուտբոլիստի կատարմամբ չորս գոլ գրանցվեց նաև 1943 թվականի հունիսի 13-ին: Սաբինո Բարինագան «Ռեալ»-ի կազմում աչքի ընկավ: Խաղն ավարտվեց 11:1 Եվ վերջապես 1957 թվականի մայիսի 19-ին «Բարսելոնա»-ի խաղացող Էուլոջիո Մարտինեսը պոկեր հեղինակեց: Այդ հանդիպումն ավարտվեց 6:1 հաշվով հօգուտ կատալոնական ակումբին:
Թվերի լեզվով
Թիմերն արդեն հանդիպել են 226 անգամ: 90 հաղթանակ իր ակտիվում ունի «Ռեալ»-ը, 88՝ «Բարսա»-ն, իսկ 48 խաղ ավարտվել է ոչ-ոքի: 380 գոլ խփել է «Ռեալ»-ը, 367 գոլ` «Բարսա»: Իսպանիայի առաջնությունում թիմերը հանդիպել են 167 անգամ: 70 անգամ հաղթել է «Ռեալ»-ը, 65 անգամ` «Բարսելոնա»-ն: 32 խաղ ավարտվել է ոչ-ոքի (խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը` 271:261` հօգուտ մադրիդյան ակումբի): Իսպանիայի գավաթի խաղարկության 33 խաղերում բոլոր առումներով առավելությունը «Բարսա»-ի կողմն է` 15 հաղթանակ 11-ի դիմաց (7 ոչ-ոքի), 65 գոլ` 63-ի դիմաց: Իսպանիայի Լիգայի գավաթում նույնպես առավելություն ունեն կատալոնացիները` 2 հաղթանակ, 4 ոչ-ոքի 6 խաղերում` 13:8 գոլերի հարաբերակցությամբ: Իսպանիայի Սուպերգավաթում ու Չեմպիոնների Լիգայում առավելություն ունի «Ռեալ»-ը: Սուպերգավաթ` 6 հաղթանակ, 4 պարտություն, 2 ոչ-ոքի, գոլերը` 25:17: Չեմպիոնների Լիգա` 3 հաղթանակ, 2 պարտություն, 3 ոչ-ոքի, գոլերը` 13:10:
Մրցավար
Հանդիպման գլխավոր մրցավարն է 40-ամյա Ալբերտո Ունդիանո Մալենկոն: 2000թ. սեպտեմբերի 10-ին 26-ամյա Մալենկոն իր առաջին խաղն է անցկացրել Պրիմերայում` Վարելով «Նումանսիա» – «Օվիեդո» խաղը և ճանաչվելով Լա Լիգայի պատմության մեջ հանդիպում սպասարկած ամենաերիտասարդ մրցավարը: 2004թ. հունվարի 1-ից նա ՖԻՖԱ-ի միջազգային մրցավար է:
Մալենկոն «Ռեալ»-ի մասնակցությամբ 37 խաղ է սպասարկել: «Արքայական ակումբ»-ը տոնել է 23 հաղթանակ, 7-ական անգամ պարտվել և ոչ-ոքի խաղացել: Իսկ «Բարսա»-ի մասնակցությամբ մրցավարը սպասարկել է 35 խաղ: կատալոնացիները հաղթել են 20 անգամ, 12 խաղ ավարտել ոչ-ոքի ու պարտվել 3 անգամ: Ունդիանո Մալենկոն տարբեր մրցաշարերում 6 անգամ սպասարկել է «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի մրցավեճերը: 4 հաղթանակ տոնել են կատալոնացիները, 1-ական անգամ պարտվել և խաղացել ոչ-ոքի:







































