Վենեսուելայում հակակառավարական ցույցերի` երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմնակիցների և հակառակորդների միջև բախումների ժամանակ ևս երկու մարդ է զոհվել: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ցուցարարներից մեկը` Արջենիս Էրնանդեսը, սպանվել է որովայնին ստացած փամփուշտի հետևանքով: Նրա վրա է կրակել զայրացած մեքենավարներից մեկը, երբ Էրնանդեսը այլ ցուցարարների հետ ամբարտակ է կառուցել Վալենսիայի մերձակայքում գտնվող մայրուղու վրա:
Սան Քրիստոբալ քաղաքում, որտեղ սկսվել է անկարգությունների ալիքը, մահացու վիրավորվել է ավտոբուսի վարորդ Վիլֆրեդո Ռեյը` այն բանից հետո, երբ Մադուրոյի կողմնակիցների խումբը քաղաքի հակակառավարական շրջանում սկսել է սադրանքները և կրակոցներ բացել:










































