«Առաջին լրատվական»-ը զրուցել է «Նախախորհրդարանի» քարտուղարության անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ, ով ելույթ է ունցել այսօր «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հանրահավաքին:
– Պարոն Սեֆիլյան, կուզենայի իմանալ Ձեր վերաբերմունքը «Դեմ եմ» նախաձեռնությանը: Նախաձեռնության կազմակերպած երկու հանրահավաքներին էլ ելույթներ են ունենում նաև ոչ իշխանական քաղաքական ուժեր: Սա արդյո՞ք չի խանգարում քաղաքացիական նախաձեռնության հաղթանակին:
– Այս շարժման նկատմամբ մեր կեցվածքը հետևյալն է. առաջին՝ օր առաջ նրանք հասնեն այն նպատակին, որ դրել են իրենց առաջ, և մենք մեր հնարավորության սահմաններում պատրաստ ենք եղել աջակցելու և այսօր էլ պատրաստ ենք: Երկրորդ՝ նույնանման շատ երևույթներ կան այսօր, որոնք հետևանք են, այլ ոչ թե պատճառ, և այս ակտիվությունից վստահ եմ, որ կծնվեն մտավորական ուժեր, որոնք կորոշեն քաղաքական բեռի տակ մտնել: Մենք համոզված ենք՝ քանի դեռ երիտասարդությունը չի ներքաշվում քաղաքականության մեջ երկրի տեր կանգնելու իմաստով, փոփոխություն անել հնարավոր է, բայց որակական փոփոխություն անել հնարավոր չէ:
Ինչ վերաբերում է քաղաքականին և քաղաքացիականին, ես վստահ եմ, որ Հայաստանում քաղաքականի տակ գործող ուժերը հիմնականում վերահսկելի են Բաղրամյան 26-ի կողմից՝ ներառյալ հայտնի քառյակը:
– Կարծում եք՝ այդ քառյակը լուրջ չէ՞ և ուղղորդվում է Բաղրամյան 26-ի՞ց:
– Անշուշտ, և եթե մենք վերջին 15 տարիների ներքաղաքական գործընթացներին հետևենք, կտեսնենք, թե ինչպես գործող խանը կարողացել է վերահսկել իր կողմից ձևավորված քաղաքական դաշտը: Դժբախտաբար, այդ ուժերը շարունակում են չլսել մեր հորդորը: Մեր հորդորն է օր առաջ դուրս գալ այդ համակարգից և համակագրից դուրս պայքարի տրամաբանությանը լծվել, քանի որ համակարգից ներս ինչի էլ որ հասնեն, այդ արդյունքը հօգուտ խանի՝ Սերժ Սարգսյանի է լինելու: Դժբախտաբար, նրանք այսօր զբաղված են մեր ժողովրդին մոլորեցնելով և կրկին քարշ տալով ակտիվ մասսային մինչև 17-18թթ: Ես համոզված եմ, որ այս անգամ այլևս Բաղրամյան 26-ի նույնանման ծրագրերը կյանքի չեն կոչվելու, քանի որ արդեն դանակը ոսկորին է հասել:
– «Նախախորհրդարանը» արդյոք չի՞ պատրաստվում Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցել, արդյոք կա՞ համագործակցության եզր:
– 2008-ի մարտի մեկին տեղի ունեցած ոճրագործությունը մեր ժողովրդի նկատմամբ մենք չենք մոռացել, մենք միշտ ասել ենք, այսօր էլ ասում ենք՝ ովքեր ներգրավված են եղել այդ սպանդին, նրանք պատասխան են տալու, այստեղ վրեժխնդրության խնդիր չկա, այստեղ կա մղում պետության ստեղծման մղում: Եթե մենք չկարողանանք պատժել բոլոր այն ուժերին և մարդկանց, ովքեր ներգրավված են եղել սպանդին, մենք պետություն չենք կարողանալու ստեղծել: Ուստի ովքեր առնչություն են ունեցել Մարտի մեկին, լավ կլինի նրանք սուսուփուս մի կողմ քաշվեն:
Ավելին՝ տեսանյութում











































