Ուկրաինան Հայաստանում իր դեսպանին հետ կանչելու որոշում դեռևս չունի: «Առաջին լրատվական»-ի դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտային Կիև խորհրդակցությունների կանչելու որոշում Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Դեշչիցան դեռևս չի կայացրել: Ըստ նույն աղբյուրների՝ հարցին վերջնական լուծում կտրվի երկուշաբթի օրը, իսկ երեկ Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության բաժնի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսի հայտարարությունը segodnya.au-ին այն մասին, որ Ուկրաինան խորհրդակցությունների համար Կիև է կանչում Հայաստանում իր դեսպանին, համաձայնեցված չի եղել նախարարի հետ, այդ հարցը դեռ քննարկման փուլում է, ուկրաինական կողմը շարունակում է ճշտել հայկական կողմի դիրքորոշումը Ղրիմի անեքսիայի վերաբերյալ:
Երեկ տեղեկացրել էինք, որ դիվանագիտական խողովակներով «Առաջին լրատվական»-ին է փոխանցվել ՀՀ ԱԳ նախարարությանն ուղղված Ուկրաինայի ԱԳ նախարարության նամակը (նոտա), որի վերջաբանում պաշտոնական Կիևը Հայաստանի իշխանություններին զգուշացնում է. «Հայաստանի պաշտոնական քաղաքական դեմքերի հայտարարություններն ու մեկնաբանությունները՝ հաջակցություն Ղրիմում Ռուսաստանի գործողությունների, Ղրիմի «հանրաքվեի» ճանաչման կամ էլ Ուկրաինայի ներկա իշխանությունների գործողությունների դելեգիտիմության մասին, համապատասխան կերպով կանդրադառնան Ուկրաինայի և Հայաստանի հետագա հարաբերությունների վրա»:
Լուսանկարը` PAN Photo-ի









































