Բավական երկար ժամանակ ընդհատակ անցած «Փառապանծ մարտիկներ» հասարակական կազմակերպության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանը (Ժարիտ Գրիշ) կրկին հրապարակ է իջել և պայքարում է «Ազատամարտիկների մասին» օրենքի ընդունման համար:
Նախորդ տարիների փորձը ցույց է տվել, որ գնդապետը սովորաբար ընդդիմադիր հայացքներ է դրսևորում, ակտիվանում է այն ժամանակ, երբ ցանկանում է իշխանություններին հիշեցնել իր գոյություն մասին: Այլ կերպ ասած՝ պաշտոն է ուզում: Ամեն դեպքում, Գրիշա Սարգսյանի կարծիքով` ազատամարտիկների մասին օրենքը ծայրահեղ անհրաժեշտություն է, որը հնարավորություն կտա, որ ազատամարտիկները հեռանան փողոցից, դուրս գան քաղաքական խաղերից և զբաղվեն իրենց սոցիալական խնդիրներով: Եվ սա այն դեպքում, երբ Գրիշա Սարգսյանը օրեր առաջ մի շարք ՀԿ-ների հետ միասին ստորագրել էր ամիսներ շարունակ փողոցում ակցիաներ անող դաշտային հրամանատարների դեմ մի հաղորդագրության տակ, որտեղ ակցիայի մասնակից ազատամարտիկները որակվել էին որպես «ինքնակոչներ, ովքեր ժողովրդին ներկայանում են որպես դաշտային հրամանատարներ ու փորձում ապակայունություն, խառնակություն և քաոս սերմանել Հայաստանում»:
«Առաջին լրատվական»-ը գնդապետից հետաքրքրվեց` ինչո՞վ է պայմանավորված իր խնդրի մոտեցման կտրուկ փոփոխությունը: Ինչպես է պատահում, որ օրեր առաջ նույն ազատամարտիկներին քաոս տարածող ինքնակոչ է անվանում, ապա սկսում պայքարել նրանց բարեկեցության համար: Պարզվեց, սակայն, որ պարոն Սարգսյանն այն օրերին Հայաստանում չի եղել, իր անունից այլ մարդ է հանդես եկել և իրեն տեղյակ չեն պահել հայտարարության բովանդակության մասին: «Ես այդ օրերին Հայաստանում չեմ եղել, և իմ պարտականությունները կատարել է ուրիշը: Դուք իմ ելույթներուն մշտապես լսել և լսում եք, որ ես պայքարում եմ ազատամարտիկների համար, «Ազատամարտիկների մասին» օրենքի ընդունման համար: Ես միայն մի բան կարող եմ ասել, որ ես «Ազատամարտիկների մասին» օրենքի ընդունման ահազանգողներից առաջիններից մեկն եմ եղել, նրա սոցիալական վիճակի մասին: Ես իմ ասածին տեր եմ, հիմնադիր եմ մինչև վերջ: Մի հատ օրենք է պետք ընդունել, ու վերջ: Օրենքն ընդունում են, ազատամարտիկները այլևս չեն մտնի քաղաքականություն և չեն օգտագործվի տարբեր ուժերի կողմից: Մի զարկով բոլոր խնդիրները կլուծվեին»,- կարծում է Սարգսյանը:
«Արդեն 10-ից ավել տարի ահազանգում եմ, ասում եմ ազատամարտիկի մասին օրենք ընդունեք, որ ազատամարտիկը սոցիալապես ապահովված լինի, չմտնի քաղաքականության մեջ, գործիք չդառնա քաղաքական ուժերի ձեռքում, բայց ես ասում եմ, ես լսում եմ: Մենք քաղաքականությամբ զբաղվող չենք, մենք ճառ ասող չենք, մենք զանգ կախող ենք: Բայց որ ժամանակին խնդրի դեմը չեն առնում, գնալով էդ խնդիրը մեծանում է, դառնում է լայնածավալ բողոքի ալիք, նոր սկսում են պայքարել բողոքի ալիքի դեմ»,- ասաց նա:
Սարգսյանին վրդովեցնում են Ազգային ժողովում գործունեություն ծավալող պատգամավորներից շատերը: «Ինչքան անգրագետ թալանչի կա, պատգամավոր ա: Էդ պատգամավորների ուղեղը պետք ա չափեն ու նոր տանեն պառլամենտ, որ մենակ կոճակ սեղմող չլինի, որ կարանա մտածել օրենքն ընդունելիս»,- ասաց նա և ավելացրեց. «Թողնես ամբողջ օրը իրանց մասին օրենք կընդունեն, բայց երբ խոսքը վերաբերում է ազատամարտիկի մասին օրենքին, էդ օրենքով ազատամարտիկին իր հողին կապելուն, ամեն ինչ չորանում է: Իբր մի քանի կռված մարդ կա Ազգային ժողովում, բայց իրանք Երկրապահի մասին օրենքը ընդունել տվեցին, քաշվան մի կողմ: Բա մյուսնե՞րը, էն 90 տոկոս ազատամարտիկները ինչ անեն, որ Երկրապահի անդամ չեն: Դրանց մասին ո՞վ կմտածի: Մտածող չկա, հազիվ թողնես դնեն համասեռամոլների մասին օրենք ընդունեն, աղանդավորի մասին օրենք ընդունեն, երկիրը քայքայող օրենք ընդունեն: Բայց մի բան կարող եմ ասել, զոռով ըլնի, շառով ըլնի, վաղ թե ուշ ազատամարտիկի մասին օրենքը կընդունվի, և ազատամարտիկները քաղաքական խաղերից դուրս գալով կզբաղվեն իրենց սոցիալական խնդիրներով»: Գնդապետի խոսքով` «անգրագետ ազատամարտիկը պաշտոն չի ուզում, ազատամարտիկը ուզում է միջքաղաքային տրանսպորտից անվճար օգտվել, ուզում է անվճար հետազոտվել, բնակարանի հարց լուծել, գոնե 50-100 հազար թոշակ ստանալ»:
Գրիշա Սարգսյանին վրդովվեցրել է նաև Տարոն Մարգարյանի, Սամվել Ալեքսանյանի՝ ԵԿՄ համագումարին ԵԿՄ վարչության կազմ ընդգրկվելու փաստը: Դրանից հետո, նրա խոսքով, ինքը սկսել է զզվել «ազատամարտիկ» բառից: «Երկրապահի համագումարին ընենց մարդկանց սարքին ազատամարտիկ, որ կյանքում հրացանն ու ավտոմատը իրարից չեն տարբերում: Տարոն Մարգարյանին, Սամվել Ալեքսանյանին, սաղին սարքել են ազատամարտիկ: Ես արդեն էդ բառից հիասթափվել եմ, զզվում եմ: Էնքան տենց ֆիկտիվնի բաներ են սարքել, դրա համար էս երկիրը ոտի չի կանգնում: Մի հատ անմեղսունակ գնդապետ էլ, բեղերը սրած խոսում ա, ասում ա, թե դրանք իրա հետ Շահումյանում, Աղդամում կռվել են: Բայց մեկը չկա ասի՝ այ համբալ, տո դու որտեղ ես էղել, որ դրանց տեսել ես: Չի կարելի չէ մի կոպեկի համար սրբությունները ծախել: Այ դրա համար էլ էս երկիրը էս օրին ա, սևն ու սպիտակը խառնվել են իրար: Տո նախագահը պետք ա ձեռը խփի սեղանին, որ կողքը ինչքան մուտիլովշչիկ, շոպլիկ, բանսարկու կա, սաղին հանի: Էսօր պետական մակարդակով, նախարարների, իշխանիկների մակարդակով գնում են նախագահին մուտիլովկա են անում, բանսարկություններ են անում, դրա համար էլ երկիրը խառնվել ա իրեր: Բայց խեղճ նախագահը չգիտի՝ դրսի մասին մտածի, թե ներսի: Բայց թագավորը պետք ա ձեռը խփի սեղանին ու էդ մուտիլովշչիկներին հանի ս…. անի ու էնպիսի մարդկանց հավաքի իր շուրջը, որ էս երկրի մասին մտածում են, արդար մարդիկ են»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ իր սիրտը ցավում է երկրի համար, քանի որ ինքը էս երկրի նվիրյալն է, ծառայել է երկրին:
Պարոն Սարգսյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանին հաճոյանալը նշանակում է, որ պաշտոն է խնդրում նրանից. «Ես հայ եմ, ունեմ զասլուգա, ես երիտասարդ եմ: Իմ ազատագրած երկրում ես իրավունք չունե՞մ հանրօգուտ աշխատանքով զբաղվել, աշխատել: Էն անմեղսունակները, որ զասլուգա չունեն էս երկրի մեջ, կարողանում են աշխատել ու բարգավաճել, ես իրավունք չունե՞մ»: Հետաքրքրվեցինք՝ իրեն հատկապես որ ոլորտում է պատկերացնում, շարունակո՞ւմ է ցանկանալ ոստիկանապետ դառնալ, թե՞ փոխվել է նախապատվությունը. «Ես ինձ ոչ մի ոլորտում էլ չեմ պատկերացնում, ես պատկերացնում են հայրենիքի զինվոր և հայրենիքի պաշտպան: Դա երկրի ղեկավարը պետք ա պատկերացնի, ոչ թե ես»: Իսկ ինչո՞ւ մինչև հիմա չի պատկերացնում՝ հարցրեցինք. «Ոչինչ, կպատկերացնի: Նա կարող է դա անել»:











































