«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազգագրագետ, «Նախախորհրդարանի» անդամ Հրանուշ Խառատյանը։
–Տիկին Խառատյան, Ղրիմի հանրաքվեի հետ կապված՝ Հայաստանը երեկ պաշտոնական դիրքորոշում արտահայտեց: Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ այդ հանրաքվեն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակ: Այդ կապակցությամբ նաև տոնական համերգ տեղի ունեցավ Արցախում: Հայկական կողմի այս պահվածքը ի՞նչ վտանգներով է հղի, երբ միջազգային հանրությունը այդ հանրաքվեն ապօրինի է որակում:
–Որ ողջունում է ժողովուրդների ինքնորոշումը՝ դա լավ է, բայց ազատության մասով ավելի շուտ երևի ցուցադրական հայտարարություն է, հատկապես եթե հաշվի առնենք , թե ինչ պայմաններում է մեզ մոտ Արցախը ինքնորոշումից հետո ենթարկվել ԽՍՀՄ, տվյալ դեպքում՝ ռուսական ճնշումների: Արցախի ինքնորոշումից հետո բոլոր զարգացումներում տխրահռչակ Պոլյանիչկոն և նրա շրջանում եղած ընդհանրապես զարգացումների ժամանակ, «Կոլցո» օպերացիայի միջոցով և այլ հրահրված և ուղակի ճնշումների միջոցով, ամեն ջանք գործադրվում էր, որ ղարաբաղցիների շատ իրավական, շատ օրինական ու շատ խաղաղ ձևով հայտարարած ինքնորոշումը որևէ արդյունքի չհանգի: Կարծում եմ, մենք այդ դառը փորձն ունենք ինչպես ինքնորոշման արտահայտումից անմիջապես հետո. ոչ միայն Արցախի շուրջ, այլև ամբողջ Ադրբեջանի տարածքում հայկական ողջ բնակչությունն իր վրա կրեց այդ դաժանագույն ճնշումը։ Դա միայն Ադրբեջանի իշխանությունները չէին, դա ԽՍՀՄ ընդհանուր թողտվությունն ու օժանդակությունն էր։ Ավելին, դեռ Գորբաչովը քաղխորհրդի նիստում հայտարարեց․ «Մենք ժամանակին ադրբեջանցիների կողմը բռնեցինք, ես հետո կասեմ, թե ինչու դա արեցինք», ու այդ հետոն այդպես էլ չհնչեց:
Դա մի կողմ թողնենք՝ ազատ կամարտահայտվելու համար շատ վաղաժամ էր նման հայտարարություն անելը, բոլոր դեպքերում, մարդկանց կամքը որևէ ձևով արտահայտելու հնարավորություն տալու համար թե՛ ժամանակ էր պետք և թե՛ գոնե ուժի ցուցադության այն դրսևորումները, որ տեսանք, պիտի այդքան բացահայտ չարվեին:
Բոլոր դեպքերում Ղրիմի բնակչությունը, թեկուզ հապճեպ, թեկուզ ճնշման տակ, շատ լարված քաղաքական իրավիճակում, Ուկրաինայի ներսում քաոսի շրջանում իր կամքն արտահայտել է: Այն տոկոսը, որով նրանք կողմ են քվեարկել, ինչքան էլ կեղծիք կամ ճնշում գործադրված լինի, այնուամենայնիվ, բավական բարձր թիվ է:
Եթե Հայաստանի նախագահը պատշաճ է գտել շնորհավորել Ռուսաստանին, կարծում եմ, այս դեպքում ճիշտը Ղրիմի բնակչությանը շնորհավորելն է, իսկ Ռուսաստանին շնորհավորանքը կասկածելի է դարձնում այդ հաղթանակի հիմքերը:
Անշուշտ, տարօրինակը Արցախի իշխանությունների խանդավառ ողջունելու ձևն էր: Մեծ հաշվով, դեռ կարելի է հասկանալ, որ դարձյալ կամքի հնարավորության և կամքի միջոցով իր ընտրությունը կատարող մարդկանց է ողջունում: Չեմ ուզում ասել, որ դատապարտում եմ կամ տարօրինակ է: Արցախցիները կուզենային, որ մարդկանց, բնակչության կամքի իրացումը իրականանար՝ որտեղ էլ որ դա աշխարհում լինի: Միայն թե աշխարհում ուրիշ տեղեր էլ են լինում, բայց արցախցիները այդպես խանդավառությմաբ չեն արձագանքում այդ դեպքերին։ Ղրիմի դեպքում մասնավոր ռեվերանսները Ռուսաստանի հանդեպ մեր վիճակը բարդացնում են:
Ընդ որում, սա տեղի է ունենում մեկ շաբաթ հետո այն բանից, երբ ռուսական կայսերականության նկրտումների հաճախակի բարձրաձայնող Ժիրինովսկին հայտարարեց, թե գուցե ժամանակն է վերջապես Արցախը միացնել Ռուսաստանին և դրանով տալ հարցի լուծումը: Առավել ևս, որ դրանից ամսիներ առաջ հայկական մտավորականության միջից հայտնի ռուսաց թագավորին ուղարկված նամակը նույնպես ցուց տվեց, որ հայ մտավորականության մեջ էլ կան մարդիկ, որոնք կարծում են, որ Արցախը Ռուսաստանի մաս պետք է լինի, քանի որ Գյուլիստանի պայամանգիր է եղել, և իրավական մասով Արցախը հենց Ռուսաստանի մաս է: Սկզբունքորեն ես տեսնում եմ այս նույն տրամաբանության շարունակությունը։ Իհարկե, Ռուսաստանը Ղրիմի համար շատ է պայքարել: Ասել, թե Ռուսաստանը Ղրիմի նկատմամաբ հավակնույթուն չուներ՝ որևէ մեկի մտքով չի անցնի, բայց մյուս կողմից Ռուսաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո համաձայնել է Ուկրաինայի սահմաններին:
Մինչև ուկրաինական ժողովրդի մեծ մասը չբարձրաձայնեց Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագիր կնքելու հարցը, Ռուսաստանի կողմից չի վիճարկվել Ղրիմի պատկանելության խնդիրը, հետևաբար դժվարէ ասել, թե այս իրավիճակում ինչպես է անցնում մարդկանց կամքի ընտրության արտահայտման հնարավորությունը:
–Դուք անդրադարձաք Վլադիմիր Ժիրինովսկու և Զորի Բալայանի հայտարարություններին. վերջիններս պատահական մարդիկ չեն, այս հայտարարություններից արդյո՞ք չի հետևում, որ Ղարաբաղի ինքնիշխանությունը վտանգված է:
–Ես վտանգ շատ վաղուց եմ տեսնում, սա նոր-նոր բարձրաձայնվում է: Բոլոր վերլուծաբանները կարծես հանգում են այն մտքին, որ դեռևս 4-5 տարի առաջ Ռուսաստանն ամեն ինչ արեց, որ Մինսկի խմբի եռակողմ ձևաչափը դարձնի միակողմ, և սկզբունքորեն ինքը ազդի դեպքերի վրա, և ինքը որոշում կայացնի: Կա մեծ հավնականություն , որ Մինսկի խմբում այս ձգձգվող և վաղուց արդեն անալի, ոչինչ չբերող քննարկումները Ռուսաստանի վերապահումների պատճառով են: Այո, ես այդ վտանգը վաղուց եմ տեսնում, ընդ որում, կարծում եմ, սա ուղղակի սկսեց զուգադիպել եվրասիականության մասին առաջին քննարկումների ժամանակ, երբ սկզբում Նազարբաևը, հետո Պուտինը սկսեցին քննարկել հնարավոր նոր ձևաչափի տնտեսական միություն: Այդ շրջանից էլ հենց սկսեց ինտենսիվ ձևով խոսվել Թուրքիայի մասին։ Թուրքիան նշում է, որ ինքը կուզեր մասնակցել Ղարաբաղի խնդրի լուծմանը, և սկսում է լոբբինգ անել մի շարք երկրներում, մասնավորապես Գերմանիայում: Ես կարծում եմ, որ Թուրքիայի մասին բարձրաձայնումը ինչ-որ չափով հայերի ականջալուր լինելու համար էր, որ տագնապի մթնոլորտ ստեղծելով՝ Ռուսաստանը հիմնական օժանդակող փրկչի դեր ունենա:
–Խոսեցիք Մինսկի խմբի ձևաչափի մասին. հիմա, երբ Ռուսաստանի և Արևմուտքի միջև առկա է խոր անվստահության մթնոլորտ , ի՞նչ եք կարծում, նրանց աշխատանքը այդ խմբում բնականոն կարո՞ղ է շարունակվել, երբ համանախագահող երկրների ղեկավարները տաբեր մոտեցումներ ունեն ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ:
–Երբ հարաբերություններն իսկապես լարված են, չի բացառվում, որ Մինսկի խմբում այդ լարվածությունը ևս արտահայտվի։ Մյուս կողմից՝ Ռուսաստան-Ուկրաիանա հարաբերություններում, չնայած պատժամիջոցների վերաբերյալ բազմաթիվ հայտարարություններին և գուցե նաև քայլերին, այնուամենայնիվ, Ռուսաստանը հիմա շատ ավելի ազատ է գործում, քան կարելի էր սպասել: Այդ պատժամիջոցների ծավալն այնպիսին չէր, որ Ռուսաստանին խեղճացնեին:
Ռուսաստանի ծրագրերը կարող են փոխվել Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ: Ես բնավ չեմ բացառում, որ Ռուսաստանը ինքն իր կողմից առաջարկի արագ լուծել Ղարաբաղի խնդիրը մոտավորապես ժիրինովսկիական պատկերացումներով: Ընդ որում, դա տեղափոխելով ոչ թե Մինսկի խումբ, այլ նույն հանրաքվեի տարբերակ: Ես համարյա վստահ եմ, որ Արցախում անցկացված հանրաքվեն կարող է Ռուսաստանի հետ միացման լուծում տալ՝ չնայած Ղարաբաղի պաշտոնական մարմինները հաճախ ասում են, որ ղարաբաղցիներն իրենց որոշումը կայացրել են ինքնիշխանությամբ:
Հասկանալի է, որ Հայաստանը գնալով թուլանում է, բնակչությունը շատ բևեռացված է, շատ նվաստացած, կա անկումային տրամադրություն, ահռելի արտագաղթը շատ թուլացնում է մեր երկիրը, մեր պատանդությունը Ռուսաստանին մեծանում է, զգալի թվով հայ բնակչություն է հայտվում Ռուսաստանում, առաջիկա նոր օրենքը՝ քաղաքացիությունը հեշտացնելու, անկասկած կնպաստի, որ թե Հայաստանից, թե Ղարաբաղից փորձեն օգտվել այդ հնարավորությունից: Այս իրավիճակում, երբ ձգձգվում է խնդրի լուծումը, երբ Հայաստանի թե՛ ֆինանսական, թե՛ այլ ռեսուրսները Արցախին օգնելու նվազում են, ՄՄ-ում դեռ անհայտ կարգավիճակը Արցախի, թե որտեղով կանցնի սահմանը. չնայած մեր արտգործնախարարը չգիտեմ ինչ փաստարկներով ուղղակի հայտարարել է, որ Արցախի հետ ոչ մի վատ բան չի լինի, բայց մենք չգիտենք: Վստահ՝ նաև Արցախի բնակչությունը չգիտի: Սրանք բոլորը վտանգներ են, և երբ մայիսին քննարկվեն, ըստ երևույթին, Հայաստանի անդամակցության իրավական խնդիրները, հնարավոր է , որ պարզ լինի, թե Արցախի հնարավորություններն ինչպիսին են: Չի բացառվում, որ բարդություններ ի հայտ գան… Նկատի ունենալով Նազարբաևի և Թուրքիա-Ղազախստան քննարկված և համատեղ որոշման եկած վերջնարդյունք մոտեցումն այս հարցին, որին առայժմ դեմ չէ նաև Բելառուսը, ուրեմն ՄՄ-ում, ենթադրենք, Ռուսաստանը դեմ չէ, Նազաբաևը և Բելառուսը դեմ են, ուրեմն՝ դեմոկրատական, հավասար երկրների հավասար ձայներով Հայաստանը Մաքսային միությունում է: Այս դեպքում չի բացառվում, որ արցախցիները հանրաքվեով միանան Ռուսաստանին, և խնդիրը լուծվի:
–Հայաստանը դրան չի՞ դիմակայի:
–Վստահ եմ, որ ոչ։ Հայաստանում լայն քարոզչություն կսկսվի Հայաստանի բնակչությանը բացատրելու, որ սա լավագույն լուծումներից է: Զորի Բալայանը մի նամակ էր գրել, իսկ հայ մտավորականներից շատ քչերը բարձրաձայն վիճարկեցին և վերապահումներ ունեցան: Ասում էին՝ եթե Զորի Բալայանն ասում է՝ մի բան գիտի։ Ինչ կարող է իմանալ Զորի Բալայանը «մի բան գիտի»-ի տարբերակով։ Ի վերջո, եթե Արցախի բնակչությունը այլ կամք արտահայտի, ի՞նչ կասի Հայաստանի իշխանությունը. Արցախի բնակչությունը իրավունք ունի հանրաքվեով իր կամքն արտահայտել:









































