Կա լուրջ վտանգ, որ ՌԴ-ն կփոխի ԼՂ-ի ուղղությամբ իր ավանդական քաղաքականությունը: Այսօր «ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային կոնֆերանսի ընթացքում այս մասին ասաց 1994-1995 թթ. ՀՀ ազգային անվտանգության ծառայության ղեկավար, 1992-1995 թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1991-1995 թթ., 1995-1999 թթ. ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը՝ խոսելով ինչպես ներքաղաքական, այնպես էլ տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Նա նշեց, որ Հայաստանի համար շատ կարևոր է տարածաշրջանում գոնե պահպանել ներկայիս հարաբերությունները Վրաստանի հետ՝ չնայած ՀՀ-ի նոր կարգավիճակին, երկրորդ կարևոր հանգամանքը հայ-իրանական հարաբերություններն են ոչ միայն էներգակիրների ոլորտում, հատկապես ՌԴ-ի հետ գազային համաձայնագրից հետո: «Ես կարծում եմ, որ այս առումով կան լուրջ հեռանկարներ, քանի որ Իրանը խաղում է Հրավային Կովկասում կայունացնող դեր»,- ասաց նա:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ Դ. Շահնազարյանն ասաց, որ դրանք ամբողջությամբ ՌԴ-ի վերահսկողության ներքո են: Նա հիշեցրեց Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցը և հայկական կողմի ցուցադրական չկամությունը Թուրքիայի ԱԳ նախարարի վերաբերմամբ: Սա Դավիթ Շահնազարյանը բացատրեց մոսկովյան թելադրանքով:
Խոսելով ԼՂ հակամարտությունից՝ Դավիթ Շահնազարյանը նկատեց, որ Մինսկի խմբի կարգավիճակը փոխվում է դրական ուղղությամբ: Նրա խոսքով՝ դա միակ հարթակներից է ՌԴ-ի և Արևմուտքի բանակցությունների և շփման համար:
«Կան լուրջ վտանգներ, որ ՌԴ-ն կարող է փոխել իր ավանդական քաղաքականությունը ԼՂ-ի ուղղությամբ, ՌԴ-ին ձեռնտու չի եղել հակամարտության լուծումը և ռազմական գործողությունների վերսկսումը: Վստահ եմ, որ նոր ռուսական նեոիմպերիալիստական քաղաքականության նպատակն է նաև վերադարձնել Ադրբեջանին իր ազդեցության գոտի»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:
Առաջարկում ենք մանրամասներին ծանոթանալ տեսանյութի միջոցով:











































