Օրերս պոլսահայ բազմատաղանդ մտավորական՝ լեզվաբան, գրող, հրապարակախոս Սևան Նշանյանը արժանացել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության բարձր պարգևի՝ աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի անվան մեդալի:
Դրանով ՀՀ սփյուռքի նախարարությունն ըստ արժանվույն է գնահատում Սևան Նշանյանի ազգանվեր գործունեությունը, որն ամբողջությամբ հայապահպանության, հայոց լեզվի և հայ մշակույթի պահպանմանն ու զարգացմանն անմնացորդ նվիրում է: Լինելով պոլսահայ մշակույթի բարձր արժեքների ճշմարիտ կրողը՝ Սևան Նշանյանը իր հարուստ փորձն ու գիտելիքները ծառայեցրել է նաև համամարդկային խնդիրների լուծման կարևոր գործին:
Դրա վկայությունն են նրա «Փոքր հյուրանոցների գիրք»-ը, «Բառերի տոհմածառ»-ը, մի շարք այլ հիմնարար աշխատություններ: Տաղանդավոր գիտնականը մեծ ներդրում ունի նաև թուրքերենի ուսումնասիրրության և զարգացման գործում:
Նրա «Թուրքերենի ծագումնաբանական բառարան» հիմնարար աշխատությունը աննախադեպ է թուրքերենի ողջ պատմության համար:











































