Այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Լյուքս Ստեփանյանի գործով դատական նիստը:
Տուժող Հրաչյա Սարգսյանը այդպես էլ ի վիճակի չեղավ ներկայանալ դատարան: Այսօր նրա հայրը՝ Վաղինակ Սարգսյանը, կապ է հաստատել Տավուշի մարզի դատարանի հետ և հայտնել, որ որդին վիրահատությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից, բայց բուժումը դեռ չի ավարտվել, և նա չի կարող ներկայանալ: Նա նաև տեղեկացրել է, որ իրենք ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանից որևէ պահանջ չունեն:
Նախաքննական իր ցուցմունքում Հրաչյա Սարգսյանը նշել էր, որ դեպքի օրը ինքը պահակատանը ծառայություն է անցել, մինչ այդ ծառայության ընթացքում զինծառայողների հետ որևէ ընդհարում, բախումներ չեն եղել, և որ ինքը լավ հարաբերությունների մեջ է եղել թե Դավիթ Խաչատրյանի, թե Լյուքս Ստեփանյանի հետ, իսկ թե ինչ է տեղի ունեցել՝ նա ոչինչ չի հիշում:
Այսօր դատարանում ընթերցվեցին դեպքի վայրի զննության մի շարք արձանագրություններ, ինչպես նաև առարկաների զննության հետ կապված եզրակացություններ: Ինքը՝ Դավիթ Խաչատրյանը, նախաքննության իր ցուցմունքում նշել է, որ իր ձերբակալությունը իրեն հասկանալի է, սակայն ինքը նպատակ և դիտավորություն չի ունեցել սպանելու: Նա նաև նշել է, որ ինքը իրեն հիվանդ է համարում, արդեն չորս տարի գանգատվում է հոդացավերից, ինչպես նաև սրտի հետ կապված առողջական խնդիրներ ունի:
Նշենք, որ դատական նիստի ամբողջ ընթացքում Լյուքս Ստեփանյանի մայրը հուզվում էր և պարբերաբար դիմելով ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանին՝ ասում էր, թե նույն կերպ նրա մայրը պետք է մրմռա, որ հասկանա, թե ինչ ցավի մեջ է հիմա ինքը:
Ի դեպ՝ ինչպես միշտ, դատարանի դահլիճը լեփ-լեցուն է Լյուքս Ստեփանյանի համագյուղացիներով ու հարազատներով: Այսօր էլ նրանց թիվը հասնում էր մոտ 100-ի:










































