Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մեկնաբանել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքի մեկնաբան Գեորգի Գաբունիայի արարքը, որն իր հեղինակային ծրագրի եթերում հայհոյել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին նա գրել է Facebook-ում:
Նրա խոսքերով, վրացի լրագրողի արարքն «անճաշակ և անխոհեմ հարձակում էր»:
Միևնույն ժամանակ, նա դատապարտել է Վրաստանի իշխանություններին, որոնք, նրա կարծիքով, չեն կարողացել բարելավել հարաբերությունները ռուսական պետության հետ:
Նա նշել է, որ իր օրոք ամեն ինչ այլ էր. ռուսները Վրաստանին «նվազագույնը հարգանքով» էին վերաբերվում:
«Այժմ հարաբերությունները լիովին փլուզվել են, զբոսաշրջիկների այցերը և ավիաթռիչքները դադարեցվել են, ամեն ինչ գլխիվայր շրջվել է»,- ընդգծել է Սահակաշվիլին:
Վերջում նա վստահություն է հայտնել, որ Վրաստանում շուտով իշխանափոխություն կլինի:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կապ է տեսել Սահակաշվիլիի և «Ռուսթավի-2»-ում Պուտինին վիրավորելու մեջ: