«Հրապարակ»-ը գրում է. «Չնայած երկրում տիրող քաղաքական և հասարակական խժդժություններին, Երևանի քաղաքապետարանը, մի կողմ քաշված, հուշատախտակներ տեղադրելու սուրբ գործով է զբաղված:
Ավագանու երեկվա նիստի օրակարգը հուշատախտակային էր, միակ քիչ թե շատ քննարկում պահանջող կետը 2013-ի բյուջեի հաշվետվությունն էր:
Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը ներկայացրեց միլիոնների շարանը, որոնք ներդրվել են Երևանի բարեկարգմանը, զվարճություններին ու իրենց «գաստրոլներին»: «Բարև, Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը դժգոհեց, որ դա ուղղակի թվերի շարան է, որը բազմաթիվ հարցեր է առաջացնում: Օրինակ, նշվում էր, որ մշակութային ծախսերի համար 760 միլիոն դրամ է տրվել, որի մեջ մտնում է նաև «Էրեբունի-Երևան»-ը, սակայն այդ միջոցառման կազմակերպման օրերին հայտարարում էին, որ գումարները գոյանում են գործարարների նվիրատվություններից:
Ըստ տիկնոջ, ներկայացրած թվերն ու կատարած աշխատանքը համարժեք չեն, հասարակության համար անտեսանելի: Բախշյանի քննադատությունը խոցեց Երևանի դարդուցավով տապակվող Տարոն Մարգարյանի սիրտը, նա իրեն հատուկ դանդաղությամբ հակադրվեց, թե հասարակությունը լավ էլ տեսնում է իրենց աշխատանքը: Մինչ քվեարկությունը, Ստեփան Սաֆարյանը փորձեց ուռճացման ու փոշիացման մի քանի փաստերով հիմնավորել իրենց քվեարկելիք «դեմ»-ը: «Մեր բյուջեն կազմել է 63 միլիարդ 667 միլիոն 925 հազար դրամ: Կատարման հաշվետվությունից տեսնում ենք, որ եկամտային ու ծախսային մասի ցուցանիշները կատարվել են 95 և ավելի, երբեմն՝ 114 տոկոսով: Իհարկե, ընդդիմադիր փոքրիկ խմբակցությունը չի կարող 100 տոկոսանոց աուդիտ իրականացնել ու ամբողջը ցույց տալ, բայց որոշակի ծախսեր, որոնք նշված են բյուջեի կատարման հաշվետվության մեջ, այնուամենայնիվ, արժանի են բարձրաձայնելու թվային տեսքով, որոշները` կասկածի տակ դնելու` իրականացման և այդ չափի ծախսերի արդյունավետության առումով»:
Ըստ ընդդիմադիր խմբակցության, բազմաթիվ խնդիրների մեջ թաղված Երևանի համար անարդյունավետ ծախս է գործուղումներին 56 միլիոն 125 հազար դրամ գումար հատկացնելը: Այս գումարով 24 պատվիրակություն՝ 93 անձով, գործուղվել է արտասահման՝ 24 միջոցառման մասնակցելու:
Տեղեկատվական ծառայությունների, այդ թվում բլանկների համար 34 միլիոն 490 հազար դրամ, ներկայացուցչական ծախսերի համար` 108 միլիոն 434 հազար դրամ: Ասֆալտապատման համար` միլիարդներ, որը քաղաքացին տեսավ կենտրոնում ու մի երկու պողոտայում: Կամարանցումների բարեկարգման համար՝ 109 մլն 721 հազար դրամ: «Բարև, Երևանն» անարդյունավետ է համարում քաղաքապետարանի աշխատանքների լուսաբանման համար տրամադրվող 35 միլիոն 760 հազար դրամը, որն ի դեպ հիմնականում Տարոն Մարգարյանի գավազդին է տրվում:»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։









































