«Հրապարակ»-ը գրում է. «ԱԺ չորս ոչ իշխանական ուժերը երեկ վերջնական որոշման եկան՝ սկսել կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը։ Թե ինչպես է սրան վերաբերվում իշխանությունը, և արդյո՞ք որևէ մտահոգություն կարող է առաջացնել այս նոր սկսվող գործընթացn իշխանական շրջանակներում, փորձեցինք հասկանալ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ զրույցի ընթացքում։
– Շատ լավ ա, որ էդ թեման կա, էդ թեման չլիներ՝ ո՞նց պիտի կարողանային մարդիկ թերթ պահեին, բան ասեին։ Էդ թեման վաղուց արծարծված թեմա է։
– Ճիշտ է, թեման վաղուց կար, բայց մինչ այժմ դեռ հստակ որոշված չէր՝ հայտնե՞ն անվստահություն, թե՞ ոչ։ Հիմա արդեն պարզ է։
– Բայց ես ի՞նչ անեմ, կանխե՞մ էդ որոշումը։ Իրենց խնդիրն է, հնարավորությունների սահմաններում փորձում են ինչ-որ գործ կատարել։
– Իսկ այս գործընթացներն իշխանության մոտ որևէ անհանգստություն կամ մտահոգություն չե՞ն առաջացնում։
– Եթե իշխանության մոտ անհանգստություն նկատվեր, էդ չորս ուժերի միավորումը հեչ կարևոր չէր, որ անվստահություն հայտնեին, որովհետև կախված է քաղաքական մեծամասնության քվեարկությունից։
– Այսինքն՝ միանշանակ դե՞մ կքվեարկեք, ու հարցը կփակվի՞։
– Ոչ միայն դեմ կքվեարկենք, այլ նաև կհակադարձենք։ Դեմ քվեարկելը խնդիրն ամբողջական չի լուծում։ Բնականաբար, կհակադարձենք նաև։ Օրինակի համար՝ հետևյալն ասեմ. ըստ էության, հասարակությունն ինչ-որ մի տեղ պիտի հարց տա, չէ՞, որ երբ ասում եք իշխանություն փոխվի, որ դուք ավելի լավ կկարողանաք, էս կառավարությունը չի կարողանում, բայց բավականին լուրջ լծակներով իշխանության մեջ էիք, մի հատ հաշվետվություն տվեք հասարակությանը՝ դուք դրակա՞ն գործողություն եք կատարել, թե՞ բացասական։ Ես, օրինակ, գտնում եմ, որ ինքս դրական գործողություն եմ կատարել, և դա տարածում եմ կառավարության ամբողջական գործունեության վրա։ Էլ բանն ինչո՞ւմն է։ Կա նաև քաղաքականության մեջ անհեթեթության հասնող գրագիտություն, որից օգտվում են քաղաքական այս չորս ուժերը։
– Կառավարությանն անվստահություն հայտնելու այս որոշումը Դուք անհեթեթությո՞ւն եք համարում։
– Որպեսզի ավելի դիպուկ լինի, մի օրինակ բերեմ։ Եթե Դուք կամ ես կարողանում ենք 30 կգ ծանրաձող բարձրացնել, ծիծաղելի վիճակի մեջ կընկնենք, եթե փորձենք հասարակության առաջ 100 կգ քաշով ծանրաձող բարձրացնել։ Այսինքն՝ պիտի օգտագործես քո կշիռներն այն չափով, ինչ չափով դու կարողացել ես ճանաչելի դառնալ հասարակության մեջ։ Իսկ էդ չափը, որ ես ասում եմ, էդքան էլ թեթև չափ չէ, դա հնարավորություն է տալիս ծրագիր ունենալ, էդ ծրագիրը, չնայած տևական է, բարդ ու ժամանակատար, բայց էդ ծրագիրը ներկայացնում են ժողովրդին, եթե հավանություն տա էդ ծրագրին ժողովուրդը, ուրեմն կքվեարկի, իրենք էլ կգան, ու հա՛մ իշխանությունը փոխված կլինի, հա՛մ իշխանության բեռը կընկնի իրենց վրա, հաջորդ օրն էլ նոր ընդդիմությունը կսկսի իրենց հրաժարականը պահանջել… է, հետո՞, էսպես ո՞ւր ենք գնալու։ Մի քիչ պետք է հեռատես լինել, տեսնել աշխարհի զարգացումները, թե որ պահին ինչը կարելի է անել։ Ուրեմն ամբողջ աշխարհը խառնված է ուկրաինական դեպքերով, իսկ էստեղ մնացել էր, որ էդ չորս ուժերով գային-ասեին՝ «մենք չենք ուզում գյուղապետ դառնալ, ուզում ենք նախագահ դառնալ»։ Թումանյանի կամ, ավելի ճիշտ կլինի, Դեմիրճյանի «Քաջ Նազարը» թող կարդան, էնտեղ շատ կարգին գրված է. Նազարն էլ ինչ-որ բանի հասավ, բայց տեսա՞ք ինչ եղավ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Լուսանկարը՝ Photolure-ի










































