Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի լարված նիստի ժամանակ, երբ քննարկվում էր Ռուսաստանին Ղրիմի միացումը, ռուս դեսպանը ԱՄՆ-ից պահանջել է «դադարել վիրավորել» Ռուսաստանին: Այս մասին հայտնում է BBC-ն:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ Ղրիմում հանրաքվեն անցել է՝ համապատասխան օրենսդրական նորմերի, և ղրիմցիները կյանքի են կոչել ինքնորոշման իրենց իրավունքը:
Ի պատասխան՝ ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Սամանտա Փաուերը Ղրիմի բռնակցումը համեմատել է գողության հետ և ասել, որ դատելով Չուրկինի պնդումներից՝ նա ավելի հարուստ երևակայություն ունի, քան Տոլստոյն ու Չեխովը: «Գողը կարող է գողանալ սեփականությունը, սակայն դա նրան չի տալիս այն տիրապետելու իրավունք»,- ասել է Փաուերը:
Չուրկինը պատասխանել է, որ ԱՄՆ-ը պետք է դադարեցնի վիրավորանքներն իր երկրի հասցեին, եթե Անվտանգության խորհրդում այլ հարցերի շուրջ իրենց հետ համագործակցություն է ակնկալում:










































