Այսօր փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, դիմելով Երևան –Ապարան ճանապարհը փակած ցուցարարներին, ասաց, որ նմանատիպ ձևաչափով հանդիպումները և քննարկումներն ամենաճիշտը չեն, երկրորդ՝ ճանապարհ փակելով համայնքային կամ պետաական հարցեր չեն լուծվում:
Նա նշեց, որ ամսի չորսին համայնքի ղեկավարների հետ հանդիպումներից հետո ստեղծվել է հանձնաժողով, որը մի շաբաթից ավելի է՝ աշխատում է: Հանձնաժողովն իր աշխատանքի արդյուքները ներկայացնելու է առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում:
«Երբ քննարկվի և լուծվի, անձամբ կգամ համայնք և կհայտարարեմ՝ լինելո՞ւ է, թե չի լինելու։ Այս պահի դրությամբ միակ բանը, որ կարող եմ 100 տոկոս վստահեցնել, մինչև որոշում կայացնելը ոչ մի շինարարական աշխատանք չի իրականացվելու»,- ասաց փոխվարչապետը:
Գյուղացիների այն դիտարկմանը, որ երեկ հանձնաժողովը հայտարարել է, որ ՀԷԿ-ը կառուցվելու է, Արմեն Գևորգյանը ասաց . «Հանձնաժողովը գլուխը պատով է տվել»:
Ուրբաթ օրը՝ ժամը 17:00, փոխվարչապետը կլինի նյուն տեղում՝ վերջնական պարզաբանում տալու նպատակով:
Նա խոստացավ, որ եթե զգա՝ անարդար որոշում են կայացրել, ինքն էլ կգա ճանապարհը փակելու:
Արմեն Գևորգյանից հետաքրքրվեցինք, թե ում է պատկանում մասնավոր ընկերությունը, որ ուզում է ՀԷԿ կառուցի, և որ շրջանառվում է իր անունը, պատասխանեց. «Ցավոք, իմ անունը շատ բաների հետ է շոշափվում, իսկ ընկերության ներկայացուցիչներին չեմ ճանաչում, չեմ էլ հանդիպել»:
Մանրամասն՝ տեսանյութում






































