Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում երեկ տոնական մեծ համերգ տեղի ունեցավ՝ նվիրված Ղրիմի ժողովրդի ինքնորոշմանը:
Եվ այս ամենը՝ չնայած այն հանգամանքին, որ միջազգային հանրությունը չի ընդունում Ղրիմի հանրաքվեն՝ այն որակելով ապօրինի, ռուսական զորքի սպառնալիքով իրականացված գործողություն:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԼՂ ԱԺ անկախ պատգամավոր Վահան Բադասյանը «խայտառակություն» որակեց երեկվա համերգը՝ հավելելով, որ դրա կազմակերպիչները միամտացել և ավելորդ անգամ ցանկացել են սիրաշահել Ռուսաստանին․ «Ռուսաստանը, ռուսները չեն ուզում, որ մենք իրենց սիրաշահենք: Մենք արդեն դարձել ենք այնքան էժանագին, որ կարծես թե պետականորեն զրկվում ենք արժանապատվության զգացումից»:
Նրա խոսքով՝ այս ամենի մեջ կա զորիբալայանական ձեռագիր, կամ էլ միամտորեն է արված․ «Ես չեմ կարծում, թե Ղարաբաղում մի բան կարող է կազմակերպվել առանց իշխանությունների: Իհարկե, նման ակցիան կազմակերպողը իշխանություններն են»:
Պատգամավորը հավելեց, որ հարգում է ցանկացած ժողովրդի ինքնորոշումը, դրա իրավունքն ունի ցանկացած ժողովուրդ , բայց բոլորը չեն, որ իրավունք ունեն նվաճելու դա․ «Այդ իրավունքը ոչ միայն նվաճել, այլև վաստակել է պետք: Կան ժողովուրդներ, որոնք պետք է ոչ թե ինքնորոշվեն, այլ վերահսկողության տակ ապրեն: Դա, օրինակ, չեչենների նման ժողովուրդն է: Իրենց ազգային-ազատագրական պայքարի մեջ ցույց են տվել, որ իրենք ահաբեկիչներ են, նրանք պետք է վերահսկողության տակ ապրեն:
Ղրիմի պարագան ընդհանրապես ուրիշ է. Ղրիմը ռուսական զորքերն օկուպացրել և զենքի ուժի տակ կազմակերպել են այսպես կոչված հանրաքվե»:
Բադասյանն ընդգծեց, որ հայ ժողովրդի արածը չի կարելի համեմատել սրա հետ ու այդքան նսեմացնել մեր ազատամարտիկների արածն ու ասել, որ դա նախադեպ է․ «Չի կարելի անգամ ողջունել Ղրիմին. Ղրիմը ողջունելով՝ մենք ողջունում ենք ագրեսորին»:
Նա նաև ասաց, որ շատ ուրախ կլիներ, եթե Արցախում նմանատիպ համերգ կազմակերպվեր Ուկրաինայի ազատագրման համար․ «Ուկրաինան է ինքնորոշվել և վերջապես անկախացել: Մեր մարտահրավերը Մաքսային միությունն է, Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը: Ղարաբաղի իշխանությունները գիտեն, որ Մաքսային միությունը փորձանք է, բայց քանի որ ռուսական իշխանություններն այդպես են ուզում՝ նրանց ուզածով են գնում:
Ես կրկնում եմ՝ Ուկրաինայի անկախություն ճանաչելը ավելի լավ էր, թող հանրահավաք անեին ու պահանջեին Հայաստանին միանալ, և Ռուսաստանը, որպես համանախագահող երկրներից մեկը, արդեն չէր կարող չճանաչել»:
Պատգամավորի կարծիքով՝ ամեն ինչ անում են, որ իրենց «մեծ ախպորը» սիրաշահեն, և մեր իշխանությունները պատրաստ են անել ամեն ինչ՝ Ռուսաստանին սիրաշահելու համար՝ թեկուզ մեր անկախության ու անվտանգության հաշվին: «Ես կարծում եմ, որ մեր իշխանություններն իսկապես մոլորության մեջ են»,- ասաց նա:










































