Քաղաքական վերլուծաբան Ֆրանչեսկո Ջումելին հարցազրույց է տվել Spiegel-ին պատժամիջոցների սահմանափակումների արդյունավետության մասին, ինչին ավելի հաճախ են դիմում արևմտյան երկրները: Մասնավորապես, փորձագետը գնահատել է ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Նրա խոսքերով, Թեհրանը երկար տարիներ ապրում է նման սահմանափակումներով, և լրացուցիչ միջոցները շատ բան չեն փոխի: Սակայն դրանք կարող են օգնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հաղթել 2020-ին կայանալիք ընտրություններում, իսկ Իրանում դրանք հանգեցրել են իշխանության շուրջ հանրության համախմբմանը:
Ջումելին նաև խոսել է «կետային պատժամիջոցների» մասին, որոնք արդյունավետ են տեսականորեն, սակայն դժվար կիրառելի գործնականում:
«Պատժամիջոցներն ավելի լավ են աշխատում, երբ դրանք չեն ներդրվում: Մենք դա տեսանք Հարավային Սուդանի օրինակով: Երբ ՄԱԿ-ը երկրի կառավարությանը սպառնացել էր պատժամիջոցներ կիրառել, նախագահ Սալվա Քիիրն անմիջապես խաղաղ պայմանագիր էր ստորագրել ընդդիմության հետ»,- ասել է Ջումելին:
Նա նաև մեկնաբանել է Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները: Նրա կարծիքով Ռուսաստանն առաջին կարևոր և տնտեսապես ուժեղ պետությունն էր, որի նկատմամբ նման միջոցներ են կիրառվել: Դրանցից տուժում է նաև հենց ԵՄ-ը: Միևնույն ժամանակ, շատ եվրոպացիներ և բիզնեսի ներկայացուցիչներ չեն հասկանում, թե հատկապես ինչի համար են մտցվել պատժամիջոցները և տեսնում են միայն դրանց բացասական ազդեցությունը: Քաղաքագետը նաև նշել է, որ ներկայումս պատժամիջոցներ են մտցվում ցանկացած առիթի դեպքում և գոյություն ունի առասպել, թե դրանք «լուծում են բոլոր խնդիրները»: