«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով` իշխանական բուրգում բավականին հետաքրքիր, ինչ-որ տեղ նաև անհարմար իրավիճակում է հայտնվել փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Բանն այն է, որ նա այս իշխանությունների մեջ նախկին իշխանության ներկայացուցիչն է: Նա իր աշխատանքային կարիերան սկսել է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, եղել է նրա ամենամտերիմ և վստահելի անձն ու անընդհատ բարձր պաշտոններ է զբաղեցրել:
Այսօր, երբ ինչ-որ առումով սրվել են նախկին և ներկա նախագահների կամ նախկին ու ներկա իշխանությունների հարաբերությունները, ինչը քաղաքականության մեջ դրսևորվում է հատկապես այլընտրանքային «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կեցվածքով, բավականին հետաքրքիր պահվածք է որդեգրել Ա. Գևորգյանը: Նկատելի է, որ ԲՀԿ-ի հարձակումներին պատասխանում են ՀՀԿ-ի թե պատգամավորները, թե նախարարական կորպուսը: Ա. Գևորգյանը, սակայն, իրեն այդ բանավեճից դուրս է դրել: Ներիշխանական տեղեկությունների համաձայն` իշխանական բուրգում երբեմն փորձ է արվել այդ հակամարտություններում նրան նույնպես պատասխանատու դարձնել, սակայն վերջինս խուսափել է և շարունակում է խուսափել ներքաշվել այդ բանավեճում:
Նա բավականին բարձր պաշտոն է զբաղեցնում և համակարգում է մարզերի աշխատանքը ու այդ առումով պատասխանատու է մարզերի սոցիալ-տնտեսական իրավիճակի համար և ոչ միայն` նա կառավարությունում միակ փոխվարչապետն է, որը որոշակի ներգրավվածություն ունի նաև տնտեսական կառավարման գործում, սակայն որևէ կերպ իրեն պատասխանատու չի զգում այդ հարցերում: Ամեն դեպքում նրա անտարբեր կեցվածքից այդպիսի եզրակացություն կարելի է անել. իր պաշտոնավարման վեց տարիների ընթացքում թե՛ տնտեսության, թե՛ մարզերի վատ վիճակի հետ կապված նա որևէ մեկնաբանություն, որևէ պատասխան չի հնչեցրել: Օրինակ` թեկուզ Ազգային ժողովում, երբ մարզերի կառավարման կամ սոցիալ-տնտեսական վիճակին վերաբերող հարցեր են հնչում, դրանց պատասխան են տալիս գյուղատնտեսության նախարարը, անգամ տարատեսակ ոլորտների համար իր մեկնաբանություններով արդեն ծիծաղելի վիճակի մեջ հայտնված՝ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Եթե շնորհ անի՝ նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը, բայց Ա. Գևորգյանն ընդհանրապես խուսափում է ամբիոնին մոտենալ: Նա անգամ լրագրողների հետ չի շփվում:
Ներիշխանական աղբյուրների փոխանցմամբ` նրան բազմիցս փորձել են գոնե բանավոր կերպով պատասխանատու դարձնել թե՛ տնտեսական հարցերում, թե՛ ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության դեպքում, սակայն նա ամեն կերպ խուսափել է: Նաև կարծիք կա որ իշխանության ներսում այդ առումով նաև դժգոհություն կա նրա նկատմամբ: Եթե երկրում կոռուպցիա կա, եթե տնտեսությունը վատ վիճակում է ու եթե իշխանությունն է դրա համար պատասխանատու, ապա նա այդ իշխանության մի մասն է ու իշխանական բարիքներից օգտվելուն զուգահեռ պետք է իրեն նաև պատասխանատու զգա: Բայց քանի որ Ա. Գևորգյանի նշանակումը կամ պաշտոնավարումը որևէ քաղաքական ուժի հետ կապ չունի, կապ չունի տնտեսական ծանր վիճակի կամ կոռուպցիոն երևույթների հետ, հակառակը` վեր է այդ ամենից, քանի որ իր մեջքն այդ պաշտոնում Ռ. Քոչարյանն է ապահովում, ուրեմն իշխանությունների մեջ նա այն եզակի պաշտոնյան է, ով կարող է իրեն ընդհանրապես պատասխանատու չզգալ: Եվ ահա թե ինչու իշխանություններին չի հաջողվում նրան ներքաշել որևէ պատասխանատվության, թեկուզև բանավոր պատասխանատվության տիրույթ:
Ավելին` ասում են, որ նա ԲՀԿ-ի հետ ավելի սերտ հարաբերություններ ունի, քան ՀՀԿ-ի: Անգամ կարծիք կա, որ ԲՀԿ-ում նա ազդեցություն ունի Քոչարյանական թևի վրա: Ինչպես ՀՀԿ-ում, այդ կուսակցությունում նույնպես կան տարբեր խմբեր, որոնցից մեկը գտնվում է Ռ. Քոչարյանի, մյուսը` Սերժ Սարգսյանի ազդեցության ներքո: Փոքրաթիվ անդամներ էլ կան, որոնք պարզապես Գագիկ Ծառուկյանին են պատասխանատու:
Հիշեցնենք նաև, որ 2008թ. երբ Ռ. Քոչարյանը հեռացավ իշխանությունից, Ա. Գևորգյանին ժառանգություն թողեց Սերժ Սարգսյանին: Իսկ Ա. Գևորգյանի դերն ու նշանակությունն այնքան մեծ էր նախկին նախագահի համար, որ իր ապարատից ի սկզբանե միայն նա նման բարձր պաշտոն զբաղեցրեց, այն էլ այսքան երկար ժամանակով: Այդ ժամանակ նույնիսկ խոսակցություններ էին շրջանառվում, թե իշխանությունից հեռանալուց հետո Ռ. Քոչարյանի գլխավոր պայմաններից մեկը եղել է Ա. Գևորգյանին բարձր պաշտոնի նշանակելն ու նրան անընդհատ իշխանության մեջ պահելը:
Նշենք նաև, որ Ա. Գևորգյանն իր աշխատանքային կարիերան Հայաստանում սկսել է 1997թ. վարչապետ Ռոբերտ Քոչարյանի մոտ օգնական աշխատելով: 1998թ. երբ Ռ. Քոչարյանը դարձավ նախագահ, նրան կառավարությունից իր հետ տարավ նախագահական ու նշանակեց օգնական, հետո աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, իսկ 2006թ. արդեն` աշխատակազմի ղեկավար: 2007թ. հունիսից մինչև 2008թ. ապրիլը նա զբաղեցրել է նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը… Եվ վերջապես 2008թ. ապրիլից նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման նախարար և փոխնախարար:
Բացի այդ, Ա. Գևորգյանը համակարգում էր նաև նախկին նախագահի շինարարական բիզնեսը, իհարկե` այնտեղ ուներ որոշակի մասնաբաժին: Հայտնի է, որ նա Սամվել Մայրապետյանի հետ միասին Երևանի կենտրոնում էլիտար շենքեր էր կառուցում:









































