Մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ Հայաստանը ներկա տնտեսական իրողությունների առումով լավագույն տիրույթում չի գտնվում: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը:
«Հայաստանն իր արտադրական պոտենցիալ հնարավորություններով տարիներ առաջ մեծ նվաճումներ է գրանցել, սակայն տնտեսությունը, անցումային շրջանում ենթարկելով դեֆորմացիայի, անկումներ գրանցեց: Այժմ ստացվել է այնպես, որ Հայաստանը հանգրվանել է Մաքսային միության շրջանակներում: Հուսով եմ, որ մեր պոտենցիալն ի զորու կլինենք կիրառել այդ ոլորտում: Հայաստանն իր պոտենցիալը պետք է ծառայեցնի իր պետական շահերին և անվտանգությանը:
Մենք մեր հնարավորությունները պետք է իրացնենք այնպիսի խորը շուկաներում, ինչպիսին ռուսաստանյան և ՄՄ մյուս շուկաներն են: Թող ոչ ոք չմտածի, որ Եվրոպան, շունչը պահած, մեզ է սպասում»,- ասաց նա:
Վարդան Բոստանջյանի խոսքով՝ բացառված է, որ ՄՄ անդամակցությամբ Հայաստանի տնտեսական ինտեգրումը որակական աճ չգրանցի: «Մոլորակի ամբողջ գոյության պայմանը նվազագույնը երկու բևեռի առկայությունն է: Հետևաբար միաբևեռ զարգացում ուղղակի հնարավոր չէ»,- ասաց նա:
Տնտեսագետը նաև համոզմունք հայտնեց, որ Արևմուտքը Ռուսաստանի հանդեպ տնտեսական պատժամիջոցներ չի կարող և չի կիրառի: «Ցանկացած պատժամիջոց բումերանգ է, և առաջինը հարվածելու է հենց արձակողին»,- ասաց վարդան Բոստանջյանը:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք ԱՊՀ երկրների քաղաքացիների համար ՌԴ քաղաքացիություն ստանալու գործընթացը դյուրացնելու օրենքը չի նպաստի ՀՀ ժողովրդագրական պատկերի վատթարացմանը, տնտեսագետը նշեց, որ բնական է՝ այսուհետ մարդկային ուժի հոսքն ավելի զգալի կլինի: «Մտահոգություն ունեմ, որ մեր ժողովրդագրական ցուցանիշները խիստ կտուժեն այդ օրենքի դյուրացումից»,- ասաց նա:
Ամփոփելով՝ բանախոսն անդրադարձավ նաև Ղրիմի հարցին՝ հիշեցնելով, որ, ի տարբերություն վերջինիս, ԼՂՀ-ն ինքնորոշվել է պայքար մղելով:
«Այնուամենայնիվ, որոշակի զուգահեռներ Ղրիմի հետ կարող ենք անցկացնել: Հայաստանը, լինելով փոքր երկիր, խիստ զգույշ պիտի լինի Ղրիմի հարցում, վարի այնպիսի քաղաքականություն, որ չհանգրվանի գերհզորների հարվածների տակ: Ռուսաստանը կամ ԱՄՆ-ը առանձնապես չեն սպասում Հայաստանի՝ այս հարցով ունեցած դիրքորոշման արտահայտմանը: կարծում եմ՝ մենք դեռ պետք է լռենք»,- ասաց Վարդան Բոստանջյանը:
Լուսանկարը՝ Photolure-ի







































