Անհատների պարագայում մեղադրանք առաջադրելը ճիշտ չէ, որովհետեւ ըստ իս, պատճառները եղել են շատ: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ թեկնածուի պարտությանն ու դրա համար մեղավորներին:
Նա չհամաձայնեց իր կուսակից Սասուն Միքայելյանի դիտարկմանը, թե դրա մեղավորը մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն է. «Ես էլ եմ մեղավոր այդ պարտության մեջ, որովհետեւ ժամանակ չեմ գտել ես նույնպես մասնակցելու քարոզչությանը:
Մենք այդ պատճառները քննարկել ենք, կարձագանքենք, հետեւություն կանենք, ինչպես նաեւ ընդունել ենք ի գիտություն»:
Ինչ վերաբերում է Սասուն Միքայելյանի հայտարարությանը, թե պետք է դասեր քաղել սխալներից, հակառակ դեպքում թավշյա հեղափոխությունը կարող է դառնալ թավշյա հեռացում, Ալեն ՍԻմոնյանն ասաց. «Քաղաքացին է որոշում, հեռացումը կլինի, թե չի լինի, թե դա ֆանտաստիկայի ոլորտից է, դա ժամանակը ցույց կտա: Դուք հիմա փորձում եք ինտրիգ գտնել այս ամենի մեջ, ոչ մի ինտրիգ չկա պարոն Միքայելյանի ասածի մեջ եւ ոչ մի ինտրիգ չի լինելու իմ ասածի մեջ: Եղել է այն, ինչ եղել է: Մենք հետեւություններ ենք արել, ի գիտություն ենք ընդունել մեր սխալները: Իհարկե, սխալներ եղել են, մենք պարտվել ենք, դա անժխտելի է»:











































