Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի այն հայտարարությանը, թե 2008 թվականի մարտիմեկյան դեպքերի օրերին Դատախազության շենքում գործել է գաղտնի շտաբ:
«Չգիտեմ՝ ժամանակը կհերիքի՞, մի հատ շրջենք դատախազության շենքում, տեսնենք ինչ գաղտնիության պայմաններ կան: Շենքը չի փոխվել, գաղտնի հավաք ասելով՝ հավանաբար նկատի ունեք, որ չեն իմացել, ոչ թե հատուկ ու ծածուկ պայմաններ: Դեռևս հայտնի չէ, եթե ինձ առավել ևս քրեական գործով նման տեղեկություններ հայտնի դառնան, նրանք, ովքեր ձեր ասած շտաբի կազմում դրսևորել են հանցավոր վարքագիծ, կհամալրեն մեղադրյալների շարքը»,- ասաց Արթուր Դավթյանը:








































