Կանադական աղբով լի նավը, որն ավելի վաղ ապօրինի ներմուծվել էր Ֆիլիպիններ, ժամանել է Կանադա: Այս մասին հաղորդում է CBC հեռուստաալիքը:
Կանադան 2013-ին Ֆիլիպիններ էր ուղարկել աղբի 113 բեռնարկղերի խմբաքանակ՝ վերամշակելու համար: Սակայն աղբի այդ 1500 տոննան հարուցել էր բնապահպանների դժգոհությունը: Բեռը մակագրված էր որպես «պլաստիկ երկրորդային վերամշակման համար», սակայն որոշ բեռնարկղերում եղել էր սովորական կենցաղային աղբ՝ թղթեր, շշեր, տակդիրներ և այլն:
Բնապահպանական վեճը շարունակվել է 6 տարի և հանգեցրել է դիվանագիտական սկանդալի: Երբ Օտտավան հերթական անգամ անտեսեց Ֆիլիպինների տարածքից աղբի տեղափոխման «վերջնաժամկետը», երկրի նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Կանադայից հետ կանչեց Ֆիլիպինների դեսպանին և գլխավոր հյուպատոսին, ինչպես նաև արգելեց իր քաղաքացիների ուղևորությունը այդ երկիր: Եվ միայն այն բանից հետո, երբ Դուտերտեն սպառնաց վարձակալել նավարկող ընկերություն և նետել աղբը Կանադայի տարածքային ջրեր, իրավիճակը մեռյալ կետից շարժվեց:
Վաղ առավոտյան «Աննա Մաերսկ» նավը, բեռնված կանադական աղբի 69 բեռնարկղերով, կառանեց կանադական ափերի մոտ: Իշխանությունները հայտարարում են, որ բեռնարկղերը կբեռնաթափվեն և կտեղափոխվեն Բեռնաբիի աղբի այրման գործարան: Աղբի տեղափոխման և օգտագործման բոլոր ծախսերը Օտտավան վերցնում է իր վրա: Կանադային դա կարժենա 1,14 մլն կանադական դոլար:
Հատկանշական է, որ այս օրերին Կանադան տոնում է երկրի ծննդյան տարեդարձը:
Հետևելով Ֆիլիպիններին՝ Մալայզիան և Ինդոնեզիան ևս ցանկություն են հայտնել վերադարձնելու կանադական աղբի խմբաքանակը «հայրենիք»:











































